գլխավոր Իրադարձային Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքին հնարավոր է հասնել. Մակրոն

Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքին հնարավոր է հասնել. Մակրոն

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերաբերյալ ԵՄ առաջարկը վերջնական է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CNN-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ գործարքին հնարավոր է հասնել: Մենք գիտենք, որ մենք պետք է կնքենք այս համաձայնագիրը, բայց մենք պետք է հստակ հասկացնենք, որ դա վերջնական առաջարկն է», – ասել է նա: Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ «սա կարող է ողջամիտ և դրական համաձայնագիր լինել Իրանի համար, եթե նրանք առաջադիմական ճանապարհով պայմանավորվեն իրավիճակը կարգավորելու համար»։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում ԳՀՀԾ-ի վերականգնման հնարավորության շուրջ բանակցություններում առաջընթաց չի ակնկալվում։ Նրա խոսքով՝ վերջնական համաձայնագրերի նախագծերը «մնում են սեղանին»։

«Ես չեմ տեսնում լուծում, որն ավելի լավ կլինի, քան այն, ինչ մենք առաջարկում էինք»,- ասել է Բորելը։ Ավելի վաղ նա նշել էր, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղում են։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան անցած տարվա ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար։ Ավստրիայի մայրաքաղաքում բանակցությունների մի քանի փուլերի արդյունքում կողմերին է ներկայացվել վերջնական պայմանավորվածությունների տեքստը։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նշել է, որ այս փաստաթուղթը կվավերացվի և ուժի մեջ կմտնի, եթե բոլոր մասնակիցները առարկություններ չունենան դրա բովանդակության վերաբերյալ։