գլխավոր Մամուլի տեսություն Ադրբեջանցիներն անընդհատ փորձելու են քայլ-քայլ առաջ գալ, որպեսզի ստիպեն ստորագրել մի փաստաթուղթ,...

Ադրբեջանցիներն անընդհատ փորձելու են քայլ-քայլ առաջ գալ, որպեսզի ստիպեն ստորագրել մի փաստաթուղթ, որը միայն իրենց օգտին է լինելու․ Հենրիկ Քոչինյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց տրանսպորտի նախկին նախարար, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ։

– Պարոն Քոչինյան, եռօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների գործողություններից շատերի մոտ տպավորություն է ձեւավորվել, թե նրանք ուզում էին Ջերմուկի հատվածից դեպի Նախիջեւան միջանցք ստանալ, մինչդեռ, լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, բանակցությունների ժամանակ Մեղրիի, Նռնաձորից սկսվող ճանապարհի մասին են քննարկումները ծավալվել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Մեղրիից, բայց ռազմական գործողությունների կիզակետը Ջերմուկն էր, ու, ըստ մասնագետների, դա ամենակարճ ճանապարհն է, որով կարող է Ադրբեջանը կապվել Նախիջեւանի հետ։

– Ձեր հարցին գուցե քաղաքագետները պատասխանեն, թե ինչու, բայց, որպես մասնագետ, վստահեցնում եմ, որ Նռնաձորի հատվածում ճանապարհ կառուցելը շատշատ բարդ է` լեռնային տեղանք է եւ այլն։ Եվ հետո՝ եթե Նռնաձորով կառուցում ենք ճանապարհը, պրակտիկորեն մեզ համար չենք կառուցելու․ դա մի փոքրիկ գյուղ է, պիտի բերենք կապենք Մեղրիի հետ, Մեղրիից՝ Ագարակ, հետո՝ դեպի Նախիջեւան, գործող ճանապարհով էլ կարելի է առաջ գնալ։ Բայց մի փոքրիկ գյուղի համար վերցնել մայրուղի կառուցել, ես չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ։ 93 թվականին, հիշում եմ, փորձեցինք Նռնաձորի համար լավ ճանապարհ կառուցել, բայց խնդիրն այսպիսին էր, որ զուտ այդ գյուղը լավ հաղորդակցություն ունենա Մեղրիի հետ, որն այն ժամանակ շրջկենտրոն էր։ Տարբեր տարբերակներ քննարկեցինք, բայց ստացվեց այնպես, որ դա իրականացնելը լուրջ միջոցներ էր պահանջում։ Սրանով է պայմանավորված, որ զարմանում եմ` եթե ադրբեջանցիք ուզում են գնալ դրան՝ զուտ սահմանին մոտ լինելու համար, չգիտեմ։

– Այսինքն՝ Ջերմուկի հատվածով ավելի կարճ է, հասկացանք: Այդ դեպքում ինչո՞ւ Մեղրիով, գուցե Իրանի հետ կապված մեր տարածքային սահմանների հարցն է, գուցե քաղաքական ինչ-ինչ նպատակահարմարությունից ելնելով։

– Իրանի հետ Ադրբեջանը երբեք կոնֆլիկտի մեջ չի մտնի, այս առումով մենք չպետք է տրվենք հայտարարություններին։ Նկատի ունենանք, որ մեծաքանակ ադրբեջանցիներ են ապրում Իրանի տարածքում, կրոնի միասնություն, տնտեսական շահեր, համատեղ գազատար են աշխատեցնում եւ այլն։ Ճանապարհի տեսակետից չէի ուզենա ադրբեջանցու շահերից խոսել, բայց, այո, կարծում եմ, որ իրենց ավելի ձեռնտու կլիներ, որ Ջերմուկից մի քիչ ավելի հարավ կտրել գնալ, դեպի Անգեղակոթով դուրս գալ Նախիջեւանի մեջտեղը, եւ շարունակությունով եթե նայենք` դուրս է գալիս Ջուլֆայի կամրջի վրա՝ շատ ավելի ձեռնտու տարբերակ։ Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո, երբ տեղեկություններ էին անընդհատ գալիս, որ ադրբեջանցիք Ջերմուկին հարակից տարածքներում տեխնիկա են տեղադրում, զորանոցներ կառուցում, ես կանխատեսում էի այս օրը։ Եվ հետո՝ այս տարբերակով, եթե, Աստված ոչ արասցե, միջանցք ստանան, դրանից հարավ ընկած ամբողջ տարածքը պրակտիկորեն կտրվում է։

– Իհարկե, շատ կուզենայինք հավատալ մեր իշխանությունների հավաստիացումներին, որ միջանցք չի լինելու, այնուամենայնիվ, Մեղրիի տարբերակն ավե լի՞ նպաստավոր է մեր տեսանկյունից։

– Այո, ես էլ եմ շատ ուզում հավատալ այդ հայտարարություններին։ Երբ երկու տարի առաջ ինձ նմաններն ասում էին՝ «միջանցք» հասկացությունը պետք է ջնջել եւ այլն, այն ժամանակ ՀՀ իշխանությունները պետք է հայտարարություններ անեին ու անեին շատ հստակ։ Չէ՞ որ դեռ այն ժամանակներից Թուրքիայի, Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից էր հնչում այդ պահանջը, որ մենք կստիպենք միջանցք տրամադրել։ Մեր իշխանությունները դեռ այն ժամանակ պետք է ասեին՝ դուք ի՞ նչ գործ ունեք, դուք ո՞վ եք, որ մեզ ստիպեք։ Անկախ նրանից՝ դու մի քիչ տկար ես, թույլ ես, բայց պետք է ուժ գտնել եւ ասել՝ ոչ, մենք ենք որոշում, պետք էր տղավարի կանգնել ասել, որ մենք ենք որոշում, որ չգար հասներ այս օրին։

– Ուզում եք ասել, որ ի սկզբանե եղել է խոսակցություն, պարզապես հիմա են մեր իշխանությունները փորձում ներկայացնել, թե ուժի միջոցով է Ադրբեջանը միջանցք ուզում ստանալ։

– Ախր, ի՞ նչ է նշանակում՝ ուժի միջոցով, դա էլ չեմ հասկանում, այսօր սա հանձնեք, վաղը` մեկ ուրիշ բան, գան ասեն` Ամասիայում էլ են թուրքեր, ադրբեջանցիներ ապրել, դա էլ է մերը, պիտի տաք, եւ, ի՞նչ, համաձայնելո՞ւ ենք, ասելու ենք` թուրքն ուժե՞ղ է։ Չի կարելի, չէ՞։

– Եռօրյա կռվից հետո հրադադար հաստատվեց, տեսակետ կա, որ կա՛մ արդեն կողմերը համաձայնության են եկել եւ հարմար պահի կիրագործեն բանավոր պայմանավորվածությունը, կա՛մ էլ այս սրացումը պայմանավորված էր նրանով, որ Փաշինյանը հետո դիմի ժողովրդին, ասելով՝ կա՛մ մեր երիտասարդներին ենք ուղարկում մահվան բերան, կա՛մ տալիս ենք միջանցքը։

– Բայց ինչո՞ւ ենք միայն վերջին սրացումը դիտարկում, անցած տարի մայիսին Սեւ լճի տարածք մտան, ինչ է՝ նույն ձեռագի՞րը չէ, իրենք անընդհատ փորձելու են քայլ-քայլ առաջ գալ, որպեսզի, ի վերջո, մեզ ստիպեն ստորագրել մի այնպիսի փաստաթուղթ, որ, մեծ հաշվով,  միայն իրենց օգտին է լինելու։

– Իսկ գուցե Մեղրիով ճանապարհի հարցն է, որ հետո էլի պատասխանատվությունը գցեն նախկինների վրա։ Պատահական չէ, որ այս օրերին կրկին շրջանառում են, թե դեռեւս Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է Մեղրիի տարբերակը բանակցվել։

– Ախր, դա ի՜նչ արդարացում է։ Սեղանին դրված էր` 15 տարի սպասեցին, նո՞ր զարթնեցին, նո՞ր հիշեցին, ինչո՞ւ այն ժամանակ չէին փորձում անել։ Գիտեք՝ ամեն տարբերակ կարող են ասել, Ադրբեջանն էլ կուզենա, որ Ղարաբաղն ամբողջությամբ իրենը լինի, մենք էլ ուզում էինք, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հատվածը մերը լիներ, այլեւ դաշտավայրայինը, բայց ուժդ պետք է պատի, որ անես, չէ՞։ Ի վերջո, ցանկությունը մի բան է, հնարավորությունը՝ այլ բան։ Եվ հետո` ի՞նչ համեմատություն է։ Այդ փաստաթղթում (Քոչարյանի ժամանակ քննարկված) ոչ թե միջանցքի գաղափարն էր, այլ՝ տրանզիտ ճանապարհի։ Դա արվում էր Արցախի կարգավիճակի դիմաց, գումարած երկու շրջան՝ Լաչին, Քարվաճառ։ Գինը թանկ էր այն ժամանակ, իսկ հիմա՞: Հիմա բան չեն տալիս, բացարձակապես ոչինչ․․․ Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի սուվերեն տարածքն իսկապես կարմիր գիծ է իշխանությունների համար, իրենք չպիտի վախենան ո՛չ արտաքին ճնշումներից, ո՛չ էլ Ադրբեջանի։ Այդ հարցը գին ունի։ Մենք պետք է պատրաստ լինենք մերժելու եւ գին վճարելու, իսկ գինը կռիվ տալն է,  մեկ անգամ, երկու անգամ ատամ ցույց տվեցինք, խնդիրը հօգուտ մեզ կլուծվի։ Դա նաեւ ժողովրդի ցանկությունն է, մարդիկ պատրաստ են գնալ կռիվ տալ, մենակ միջանցք չլինի, տարածքի զիջում չլինի։ Աստված չանի, եթե որեւէ մեկիս զավակը զոհվում է, եթե հասկանում ենք՝ ինչի համար է զոհվել, ցավը, չեմ ասի հեշտ, բայց հասկանալով ենք տանում, իսկ անիմաստ տեղը զոհվելու դեպքում ասում ենք՝ խի՞ պիտի գնար իմ երեխան, զոհվեր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։