գլխավոր Իրադարձային Հենց այս պահին Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Արարատ Միրզոյան

Հենց այս պահին Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Արարատ Միրզոյան

Հենց այս պահին, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանն ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմի ընթացքում, իրականացնելով տարածաշրջանում հայկական մշակույթի ոչնչացման ու վերացման իր քաղաքականությունը` ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ»,–ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ առավել քան հրատապ է միջազգային հանրության գործուն և հաստատակամ արձագանքը՝ կանխելու այս բարբարոսական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղությանն ուղղված ջանքերը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումը։

Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար, և այն պետք է խստորեն դատապարտվի և հասցեագրվի:

Նա այս առումով բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջարկը, որի իրականացմանը մինչ այժմ խոչընդոտում է Ադրբեջանը։