գլխավոր Իրադարձային Իրանում առնվազն 31 զոհ կա տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ....

Իրանում առնվազն 31 զոհ կա տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ. «Իրանի Մարդու իրավունքներ» կազմակերպություն

Իրանում առնվազն 31 խաղաղ բնակիչ է սպանվել երկրի անվտանգության ուժերի կողմից՝ մի քանի օր տարբեր քաղաքներում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, որոնք բռնկվել են բարոյականության ոստիկանության կողմից 22-ամյա Մահսա Ամինիի ձերբակալությունից և դրան հաջորդած մահից հետո: Զոհերի մասին տվյալները հայտնել է Օսլոյում գործող «Իրանի Մարդու իրավունքներ» հասարակական կազմակերպությունը, գրում է english.alarabiya.net-ը:

«Իրանի ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ հասնելու իր հիմնարար իրավունքներին և մարդու արժանապատվությանը… և կառավարությունը նրանց խաղաղ բողոքին պատասխանում է փամփուշտներով», – հայտարարել է «Իրանի Մարդու իրավունքներ»-ի տնօրեն Մահմուդ Ամիրի-Մողադամը: 

Իրանում ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից:

Daily Mail պարբերականի պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:

Բրիտանական պարբերականը գրում է, որ սրանք վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի ակցիաներն են: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա, նրանցից մեկին գետնին գցում: Մեկ այլ տեսանյութում ցուցարարները պատռում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս ղեկավարների պատկերներով պաստառները:

Հակակառավարական ցույցերը տարածվել են Թեհրան, Մաշադ, Համեդան, Թավրիզ, Արաք, Ռաշթ, Քազվին, Զանջան և Իլամ քաղաքներում: