գլխավոր Իրադարձային Չինաստանի արդարադատության նախկին նախարարը դատապարտվել է մահապատժի` մոտ 16,5 մլն դոլար կաշառք...

Չինաստանի արդարադատության նախկին նախարարը դատապարտվել է մահապատժի` մոտ 16,5 մլն դոլար կաշառք ստանալու համար

Չինաստանում դատարանը մահապատժի է դատապարտել ՉԺՀ արդարադատության նախկին նախարար, երկրի հանրային անվտանգության նախարարության նախկին ղեկավարի տեղակալ Ֆու Չժենհուային՝ մահապատժի երկու տարով կասեցմամբ, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես գրում է ria.ru-ն, հինգշաբթի Ջիլին նահանգի Չանչուն քաղաքի միջանկյալ ժողովրդական դատարանը հրապարակել է կոռուպցիոն հանցագործությունների գործով վճիռը։

«Ֆու Չժենհուան կաշառակերության համար դատապարտվում է մահապատժի՝ վճռի երկու տարով կասեցմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Դատարանը պարզել է, որ Չժենհուան օգտագործել է իր պաշտոնեական դիրքը՝ անձնական շահի համար կաշառք ստանալու համար, հովանավորել է անհատներին բիզնեսով զբաղվելու համար, բացի այդ, «թաքցրել է իր կրտսեր եղբոր ենթադրյալ ծանր հանցագործությունների ապացույցները»։

Մասնավորապես, հետաքննության տվյալներով՝ Ֆու Չժենխուան ավելի քան 117 մլն յուան (մոտ 16,5 մլն դոլար) կաշառք է ստացել։

Նշվում է, որ ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել, ինչպես նաև վերադարձրել է ապօրինի ձեռք բերված դրամական միջոցները։ Դատարանը որոշել է, որ երկու տարի հետաձգումից հետո մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։