գլխավոր Գիտություն Ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված զարդեր, խեցեղեն ու պատգարակ. «Մեծամոր» հնավայրի բացառիկ...

Ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված զարդեր, խեցեղեն ու պատգարակ. «Մեծամոր» հնավայրի բացառիկ գտածոները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել է բացառիկ գտածոներ:

Դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 22 դամբարանից հարավ-արևելք տեղակայված N 23 դամբարանում: Այն (2.50 x 2.10 մ) անխաթար վիճակում մեզ հասած դամբարան է՝ ծածկված միջին չափի քարերից կազմված զրահով։ Դրա տակ բացվել է միջին ու մեծ քարերից շարված դամբարանախուցը (2.50 x 2.10 մ)՝ արևելք-արևմուտք կողմնորոշմամբ։ Դամբարանում, փայտե դիապատգարակին կծկված վիճակում, կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված էին երկու անհատներ, որոնցից մեկի վերին կմախքը՝ ձախ, իսկ ստորինը՝ աջ կողքին: Անհատների հետ նույն մակարդակի վրա բացվել են 10 ամբողջական խեցանոթներ, որոնց մի մասը տեղադրված էր դիապատգարակի տակ: Ստորին շերտում բացվել են ևս 8 ամբողջական անոթներ, որոնցից բացառիկ է կապտականաչավուն ջնարակապատ փոքրիկ սրվակը՝ իրանի վերին հատվածում պահպանված 2 միջանցիկ անցքերով: Անհատների պարանոցի և կրծքավանդակի շրջանները զարդարված էին ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներով (գլանաձև, գնդաձև, ֆիլիգրան, հատիկազարդ, անվաձև), բաժանարարներով, կախազարդերով: Անհատներից մեկի նախաբազկի ոսկրերին առկա էին բրոնզից ապարանջաններ, որովայնի հատվածում՝ անագից ճարմանդներ:

N 2 կմախքի ձեռնաթաթի հատվածում առկա էր անագե բարակ լարից մատանի: Նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անհատներն արական և իգական սեռի են: Դամբարանում առկա հնագիտական նյութի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս դամբարանը թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին քառորդով։

«Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը (լեհական արշավախմբի համաղեկավարը Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակ): Հնագիտական աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասերում՝ միջնաբերդից արևելք տեղակայված քաղաքային թաղամասում և դամբարանադաշտի հատվածում: