գլխավոր Աշխարհ Եվրամիությունը կընդլայնի Ռուսաստանի ղեկավարության դեմ կիրառվող պատժամիջոցները

Եվրամիությունը կընդլայնի Ռուսաստանի ղեկավարության դեմ կիրառվող պատժամիջոցները

Եվրամիությունը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ լրացուցիչ սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանի ղեկավարությանը և կսահմանվեն որքան հնարավոր է շուտ:

Ինչպես հայտնել է Բորելը, պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն այն անձինք, որոնք ներգրավված են Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեների կազմակերպման մեջ, ինչպես նաև այն ռուսաստանցիների, որոնք պատասխանատու են «միջազգային իրավունքի այլ խախտումների» համար: Բացի այդ, նա նշել է, որ նոր պատժամիջոցները կլինեն ինչպես անհատական, այնպես էլ ոլորտային։

Բորելը նաև հավելել է, որ ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել զենքի մատակարարումներն Ուկրաինային: Ընդ որում, նա հրաժարվել է հստակեցնել, թե ով կհայտնվի պատժամիջոցների նոր ցուցակում կամ ինչ ռազմական օգնության մասին է խոսքը:

Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների ութերորդ փաթեթը կարող է հաստատվել հոկտեմբերի կեսերին։