գլխավոր Քաղաքականություն Մեդվեդև. Հիբրիդային պատերազմի մեթոդների պայմաններում վտանգ կա, որ սեւը որպես սպիտակ է...

Մեդվեդև. Հիբրիդային պատերազմի մեթոդների պայմաններում վտանգ կա, որ սեւը որպես սպիտակ է ներկայացվելու

Աշխարհի շատ կետերում զինված դիմակայությունները շարունակում են ծխալ, ամեն օր մարդիկ են մահանում: Եվ, որպես կանոն, միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից որոշակի իրավիճակի համաձայնեցված իրավական գնահատականն է հնարավորություն տալիս հասկանալ, թե ով է ճիշտ եւ ով է մեղավոր, ով է ագրեսորը եւ ով է ագրեսիայի զոհը, նշվում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի` «ՄԱԿ-ի 75 տարին. հին խնդիրներ, նոր մարտահրավերներ եւ գլոբալ լուծումներ» հոդվածում, որը հրապարակվել է RT կայքում:

«Հակառակ դեպքում տեղեկատվության լցոնման, փաստերի կեղծման, հիբրիդային պատերազմի մեթոդների պայմաններում վտանգ կա, որ սեւը որպես սպիտակ կներկայացվի, անօրինականն օրինական կդառնա, իսկ ճշմարտությունը կթաքցվի հեռուստացույցի գեղեցիկ պատկերի կամ սոցցանցերում գրառումների հետեւում»,- գրում է Դմիտրի Մեդվեդեւը:

Ըստ նրա` այս կապակցությամբ հիմնարար նշանակություն է ձեռք բերում անվտանգության ապահովումը գլոբալ տեղեկատվական տարածքում:

«Միջազգային կիբերանվտանգության ճարտարապետությունը պետք է ոչ միայն համապատասխանի ժամանակակից մարտահրավերներին, այլեւ հաշվի առնի տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարները: «Թվի» զարգացումը, ցավոք, անխուսափելիորեն հանցագործությունների թվի աճի է հանգեցնում տեղեկատվական միջավայրում (որոնք, նշենք, շատ ավելի տարածված են դարձել նոր կորոնավիրուսի համավարակի ընթացքում)», – գրում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Նա նշում է, որ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել համաշխարհային հանրությանը` համաձայնության գալ կիբերհանցագործություններին դիմակայման եւ տեղեկատվական միջավայրի կայունության ապահովման նոր մեխանիզմների շուրջ:

«Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց ռուսական բանաձեւը, որը նաեւ բանակցային մեխանիզմ ստեղծեց միջազգային տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծման համար: Այդ բանաձեւն անհրաժեշտ է` հաշվի առնելով այն փաստը, որ անդրսահմանային մարտահրավերները հնարավոր է արդյունավետորեն լուծել միայն ամբողջ միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ: ՄԱԿ-ի կառույցները կարող են որպես հարթակ հանդես գալ` միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների եւ նորմերի վրա հիմնված եւ տեղեկատվական ոլորտում ընդհանուր շահերը բավարարող միջազգային ունիվերսալ պայմանագրի ընդունման համար: Այդպիսի գործիքը պետք է նպաստի միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, ինչպես նաեւ օգնի կանխել տեխնոլոգիայի օգտագործումը միջազգային իրավունքին չհամապատասխանող նպատակներով»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը: