գլխավոր Միջազգային «Սա բլեֆ չէ». Պուտինը չի բացառել զենքի, այդ թվում` միջուկային զենքի կիրառումը

«Սա բլեֆ չէ». Պուտինը չի բացառել զենքի, այդ թվում` միջուկային զենքի կիրառումը

Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կօգտագործվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։ Այս մասին ՌԴ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր երկիրն ունի նաև ոչնչացման տարբեր միջոցներ, որոշ բաղադրիչներով՝ ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի անդամները: Երբ մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է, Ռուսաստանին ու մեր ժողովրդին պաշտպանելու համար մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Սա բլեֆ չէ»,– ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ ՌԴ քաղաքացիները կարող են վստահ լինել, որ Ռուսաստանն ի զորու է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ազատությունը` իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով։

Իսկ նրանց, ովքեր փորձում են ՌԴ–ին միջուկային զենքով շանտաժի ենթարկել, Պուտինը հիշեցրել է, որ դա կարող է շուռ գալ իրենց դեմ։

Ռուսաստանի նախագահի հրամանագրով ՌԴ–ում այսօրվանից մասնակի զորահավաք է հայտարարվել։ Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր ներկայումս գտնվում են պահեստազորում և, առաջին հերթին, նրանք, ովքեր ծառայել են երկրի զինված ուժերում, ունեն որոշակի զինվորական մասնագիտություններ և համապատասխան փորձ։