գլխավոր Իրադարձային Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի՝ հանուն Արցախի անկախության ճանաչման

Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի՝ հանուն Արցախի անկախության ճանաչման

Ավստրալիայի հայ համայնքը և ոչ միայն Սիդնեյի Կենտրոնական բիզնես շրջանում (Sydney CBD) այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, բազմամարդ ցույց («Երթ հայերի համար») կանցկացնեն՝ ի նշան համերաշխության իրենց եղբայրների և քույրերի, որոնք վտանգի տակ են գտնվում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, գրում է greekcitytimes-ը:

«Ինչպես տեսնում ենք պատմության ընթացքում, ագրեսորին իր անունով չկոչելը և չդատապարտելը, հատկապես, երբ նրանք ռմբակոծում են քաղաքացիներին և բացահայտ էթնիկ բնաջնջմամբ սպառնում, միայն խրախուսում է ագրեսորին շարունակել ռազմական հանցագործությունները»,- ասել է Ավստրալիայի հայ ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը: Նրա խոսքով՝ հայերը միշտ ասում են «այլևս երբեք», երբ հիշում են հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը 1915-ին: Դա նշանակում է, որ Ավստրալիան պետք է դեմ արտահայտվի էթնիկ բնաջնջումներին և ցեղասպանությանը, Ավստրալիան պետք է դեմ լինի բռնապետությանը, Ավստրալիան պետք է դեմ լինի նեոօսմանյան Պանթուրանին:

«Այլևս երբեք նշանակում է, որ Ավստրալիան պետք է կողմ լինի ժողովրդավարությանը, պետք է կողմ լինի բնիկների իրավունքներին, պետք է կողմ լինի ինքնորոշմանը և ազատությանը: Հետևաբար, այլևս երբեք նշանակում է, որ Ավստրալիան պետք է կանգնի հանուն Արցախի հանրապետության անկախության»,- եզրափակել է Կայսերյանը:

Երթի կազմակերպիչները խորհուրդ են տալիս մասնակիցներին իրենց ավտոմեքենաները ծածկել հայկական դրոշներով և հետևել ոստիկանության հրամաններին: