գլխավոր Հասարակություն Լճավան գյուղի հերոս զավակ Գոռ Ասատրյանը նաեւ մարտնչել էր Արցախյան 44-օրյա պատերազմում

Լճավան գյուղի հերոս զավակ Գոռ Ասատրյանը նաեւ մարտնչել էր Արցախյան 44-օրյա պատերազմում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լճավան գյուղը սրտի ցավով ու հպարտությամբ  հրաժեշտ է տվել հայոց բանակի ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար,  սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքում արիաբար մարտնչած եւ հերոսի մահով ընկած Գոռ Ասատրյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Լճավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Գեւորգյանը,  Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով Վարդենիսում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկում սեպտեմբերի 13-ին  ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն իր վաշտի վեց զինվորների հետ հերոսական պայքար է մղել հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ եւ ընկել հերոսի մահով։

«Գոռ Ասատրյանը ծնվել է  1999 թվականի հունվարի 9-ին,Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում։ 2005-2016 թվականներին  սովորել  եւ  ավարտել է Լճավանի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2016-2020 թվականներին ուսումը շարունակել է   Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն   ավարտելուց  անմիջապես հետո նշանակվել  վաշտի հրամանատար Քարվաճառում եւ մասնակցել 44-օրյա պատերազմին։ Գոռը 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերել է արիություն ու տոկունություն ՝ մշտապես լինելով իր զինվորի կողքին, երբեք չնահանջելով իրեն վստահված դիրքերից։ Նրա գործած սխրանքներն ապրեցրել են մեր հայրենիքը, ապահովել խաղաղ լուսաբացները։ Սգում է ողջ գյուղը, անհուն ցավ ու կսկիծ ապրում, բայց միաժամանակ հպարտանում, որ հավերժություն է ճանապարհում նման ազգասեր ու հայրենասեր մարդու։ Նա մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, փառքն ու պարծանքը եւ այդպես էլ կմնա բոլորիս սրտերում։ Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանը բարեխիղճ ծառայության, զինվորական բարձր կարգապահության համար պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» եւ «Մարտական խաչ» մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Գոռն իրենց ընտանիքի երեք երեխաներից առաջնեկն էր։ Նրա եղբայր Ալբերտն էլ  սեպտեմբերի 13-ին եւ 14-ին  Հայոց բանակի շարքերում, որպես ժամկետային զինծառայող, մաքառել է Սիսիանի դիրքերում։ Ուղղակի հերոսական պատմություն է կերտում մեր համագյուղացի Արծրուն Ասատրյանի եւ Իրինա Խաչատրյանի  ընտանիքը, որոնց առաջ խոնարհվում է ողջ Լճավանը, մեր դպրոցի մանկավարժական կոլեկտիվը »,-ներկայացրեցլ է Նորիկ Գեւորգյանը։

 Գոռ Ասատրյանի մարմինն ամփոփվել է Եռաբլուր պանթեոնում։