գլխավոր Հասարակություն Արցախում նախատեսվում է մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին

Արցախում նախատեսվում է մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, կարևորելով Արցախում բնակարանային, ենթակառուցվածքային և այլ նմանատիպ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրագործումը, սեպտեմբերի 19-ին տեսաուղերձով հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հարյուրավոր տեղահանված, զոհվածների և այլ շահառու ընտանիքների բնակարանային կարիքներն արդեն բավարարվել են, լայն թափով շարունակվում է բնակարանաշինությունը:

«Նախատեսում ենք մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին: Բացի բնակարանաշինական ծրագրերից, իրականացրել ենք աննախադեպ ծավալի ճանապարհաշինություն և այլ ենթակառուցվածքային ծրագրեր, իսկ մինչև 2025 թվականը բոլոր բնակավայրերում ապահովելու ենք շուրջօրյա ջրամատակարարում և ճանապարհների ասֆալտապատում: Իրականացրել և շարունակում ենք պատերազմից տուժած բազմաթիվ անձանց նյութական վնասների դիմաց աջակցության տրամադրման աշխատանքները, տասնյակ հազարավոր անձինք արդեն օգտվել են վարկային պարտավորությունների դիմաց ցուցաբերվող ֆինանսական աջակցությունից, մեծածավալ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել և կցուցաբերվի շուրջ 40,000 տեղահանված անձանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է Հարությունյանը:

Անդրադառնալով պետական բյուջեին՝ նախագահը շեշտել է՝ ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասը նախատեսում են շուրջ 221 միլիարդ դրամ, որից միայն սոցիալական բնույթի ծախսերը 119 միլիարդ դրամ են, որը 5 միլիարդով ավելին է 2019 թվականի պետբյուջեի ամբողջ ծախսային մասից:

Նա այդ առումով հատկանշական է համարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում ցուցաբերված աննախադեպ աջակցությունը, որը միայն ընթացիկ տարում կազմում է 164 միլիարդ դրամ:

«Կուզեի առանձնահատուկ նշել նաև ողջ հայության կողմից տրվող շարունակական աջակցությունն Արցախին, որի գլխավոր խողովակը «Հայաստան» համահայկական հիմնադրամն է՝ իր մեծածավալ ծրագրերով:
Սոցիալ-տնտեսական բնույթի աջակցության իրականացված և նախատեսվող ծրագրերը բազմաթիվ են, և դրանց գլխավոր նպատակը Արցախում կյանքի որոշակի կայուն ու բարենպաստ պայմաններ ապահովելն է: Չէ’ որ առանց այդ պայմանների հնարավոր չէ պատկերացնել բավարար ժողովրդագրական վիճակ, իսկ առանց բավարար բնակչության հնարավոր չէ հասնել Արցախի նախընտրելի ապագային»,-ընդգծել է նա:

Հարությունյանի խոսքով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում զգալի հաջողություններ են արձանագրել տնտեսության վերականգնման ուղղությամբ, մեկնարկել են որոշ խոշոր նախագծեր, մեծապես աճել են սեփական հարկային եկամուտները:

Ըստ նախագահի՝ 2022 թվականի բյուջեի սեփական եկամուտները կկազմեն շուրջ 45 միլիարդ դրամ, որը զգալիորեն կգերազանցի 2017 թվականի ցուցանիշը և մոտ է 2018 թվականի ցուցանիշին, ինչն արտացոլում է տնտեսական ակտիվության դրական միտումները: Այնուամենայնիվ, տնտեսության մեջ առկա են զգալի խնդիրներ՝ առաջնահերթորեն ֆինանսական ռեսուրսի սղության տեսքով, որը պատերազմի ուղիղ հետևանքներից է: Այս առումով լրացուցիչ ջանքեր են գործադրում, որպեսզի տնտեսությունը կարողանա ավելի արագ բռնել զարգացման ուղին՝ խթանելով նաև փոքր և միջին ձեռնարկատիրությունը: