գլխավոր Աշխարհ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանին կոչ է արել անվտանգության գոտի...

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանին կոչ է արել անվտանգության գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում Զապորոժիեի ատոմակայանի տարածքում իրավիճակը գնահատել է ճգնաժամային և կոչ է արել այնտեղ անվտանգության գոտի ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Կոլոննան ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ զրույցից եկել է այն եզրակացության, որ ռուսական կողմը բաց է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետագա քննարկման համար։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Կիևը շարունակում է օգտագործել արևմտյան երկրներից ստացած զենքերը՝ ռմբակոծելու քաղաքացիական և ենթակառուցվածքային օբյեկտները, ներառյալ Զապորոժիեի ԱԷԿ-ը, և դրանով իսկ Եվրոպային ենթարկում միջուկային աղետի վտանգի։ Ռուսական կողմը կրկին ընդգծել է կայանի գնդակոծության անհապաղ և ամբողջական դադարեցման և այդ օբյեկտին հասցվող հարվածների փաստերի օբյեկտիվ հետաքննության անհրաժեշտությունը։

Ըստ Կոլոննայի՝ «ԶԱԷԿ-ի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ վտանգավոր՝ չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությանը»։ Ֆրանսիայի նախարարի կարծիքով՝ այդ առաջին առաքելությունից հետո գործակալությունը ջանքեր է գործադրում միջուկային միջադեպերից խուսափելու հնարավորություններ գտնելու համար: