գլխավոր Հասարակություն Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

Ողջունելով պատվիրակության այցը ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում 2022 թ. հունիսի 10-13-ը Ռուսաստանում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր: Միջոցառումները կայացել են Մոսկվայում և Կիսլովոդսկում: Մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը հանդես են եկել համերգներով: «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հոկտեմբերի 6-7-ը:

Կողմերն անդրադարձել են նաև կինոոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում, որը նախատեսվում է 2023 թվականին և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում, աջակցել ԽՍՀՄ տարիներին նկարահանված և ներկայում ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերի թվայնացման կազմակերպման գործում: Առաջարկվել է նաև դիտարկել հոբելյանական միջոցառումների շրջանակում «Իլյուզիոն» կինոթատրոնում «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության ֆիլմերի համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: