գլխավոր Քաղաքականություն Հայաստանի և Կիրպոսի ԱԳ նախարարները քննարկել են Հունաստանի հետ եռակողմ ձևաչափում փոխգործակցությունն...

Հայաստանի և Կիրպոսի ԱԳ նախարարները քննարկել են Հունաստանի հետ եռակողմ ձևաչափում փոխգործակցությունն ընդլայնելու հարցը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 19-ին    հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին՝ հայ ժողովրդին համերաշխություն ցուցաբերելու, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ ու հասցեական արձագանքի համար՝ նշելով, որ հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում հիմնարար է միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրի հստակ և միանշանակ դատապարտումն ու համապատասխան գործողությունների ձեռնարկումը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներն անդրադարձ են կատարել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, մտքեր են փոխանակել Հայաստանի-Հունաստան-Կիպրոս ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու շուրջ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։