գլխավոր Քաղաքականություն Տարածաշրջանում տեղի ունեցողի վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշումները հստակ են, որևէ երկիմաստություն չկա....

Տարածաշրջանում տեղի ունեցողի վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշումները հստակ են, որևէ երկիմաստություն չկա. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում ի թիվս այլնի անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած ագրեսիային՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության անկեղծ ու հստակ դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնապես բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներով, և որևէ երկիմաստություն չկա», գրում է Mehr գործակալությունը։

«Ցավոք, անցած երեքշաբթի օրվանից մենք ականատես եղանք սահմանային նոր հակամարտությունների սկզբին Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչը հանգեցրել է երկու կողմերի մեծ թվով զոհերի և վիրավորների։ Հիմնվելով հարևանության քաղաքականության վրա և փորձելով կառուցողականորեն օգնել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը՝ Իրանը որքան հնարավոր է շուտ սկսեց քաղաքական ջանքերը»,- նշել է նա։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը զրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, որի ընթացքում նախագահ Ռաիսին հայտնել է Իրանի տեսակետներն ու դիրքորոշումները խնդրի առնչությամբ և հայկական կողմին փոխանցել իր քաղաքական առաջարկները։

«Ինչպես նախկինում, Իրանը, որը ճգնաժամի սկզբից որևէ օգնություն չի խնայել հակամարտություններին վերջ տալու համար, արագ է գործել և դիվանագիտական ջանքերով փորձել է հրադադար հաստատել և խաղաղությունը վերադարձնել երկու երկրների սահմաններին։ Իրանի սկզբունքային դիրքորոշումները հստակ են, և մենք հավատում ենք քաղաքական մոտեցումների և լուծումների կիրառման անհրաժեշտությանը հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և քաղաքական երկխոսության մեջ մտնելու երկու երկրների միջև տարաձայնությունները լուծելու համար», – շարունակել է Քանանին։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը, Իրանի քաղաքականությունը պարզ է, և մենք կարծում ենք, որ այն, ինչ կարող է օգնել լուծելու այդ վեճերը, երկխոսություններ սկսելու քաղաքական կամքի առկայությունն է երկու երկրներում և տարածաշրջանային շրջանակների օգտագործումը, որը կօգնի վերջ դնել հակամարտություններին»,- հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է օգնել վերջ դնել լարվածությանը և լուծել տարաձայնությունները՝ հիմնվելով երկու կողմերի հետ բարիդրացիական քաղաքականության և բարեկամական հարաբերությունների վրա։