գլխավոր Իրադարձային Ալեն Սիմոնյանը վերաձևակերպել է ԳՇ պետի ասածը. ԱԺ նախագահի խոսնակը՝ ՀՀ-ում ադրբեջանական խմբերի առկայության...

Ալեն Սիմոնյանը վերաձևակերպել է ԳՇ պետի ասածը. ԱԺ նախագահի խոսնակը՝ ՀՀ-ում ադրբեջանական խմբերի առկայության հայտարարության մասին․ news.am

Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբերի մասին տեղեկությունը բաց աղբյուրներից է, որին մեկ անգամ ևս անդրադարձել է Ալեն Սիմոնյանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերությանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցին, որում նա հայտարարել էր. «Կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ։ Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, եւ ենթադրում եմ, որ շատ արագ»,– նշել է Սիմոնյանը։

Որոնողական աշխատանքներն ի՞նչ արդյունք են տվել, պաշտպանության նախարարությանը հաջողվե՞լ է գտնել Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբերին։ Այս հարցերի պարզաբանման համար դիմեցինք Պաշտպանության նախարարություն, որտեղից ուղղորդեցին դիմել ԱԺ–ի նախագահի խոսնակին։ ԱԺ նախագահի խոսնակն էլ ասաց, որ Ալեն Սիմոնյանն ընդամենը Գլխավոր շտաբի պետի երեկ արված հայտարարության մասին ավելի բաց է խոսել։

«Ալեն Սիմոնյանն ասել է բաց աղբյուրներում առկա տեղեկությունը, սակայն վերաձևակերպել, լրացրել ու ավելի համակարգված է ներկայացրել»,– նշել է Ծովինար Վարդանյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 16–ին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ներկայացնում էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: ԶՈւ Գլխավոր շտաբի պետը նշել էր. «Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»։ Ըստ ԳՇ պետի՝ այդ մխրճումներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով։ «Մխրճումը ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբը, որը կտրված իր ստորաբաժանումներից գտնվում է այդ բլրի գագաթի վրա, և կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի` թե սննդով, թե ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու:

Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն` մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա, չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա՝ իրենք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ապահովել, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների՝ 7, 8, 10 (կմ) նույնիսկ սահմանի վրա, հեռավորությունների վրա», –ասել էր ԳՇ պետը: