գլխավոր Իրադարձային Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Արցախի նախագահի և ԱԺ պատվիրակության հետ քննարկել է ծառացած...

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Արցախի նախագահի և ԱԺ պատվիրակության հետ քննարկել է ծառացած մարտահրավերները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ «Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։

Հանրապետության նախագահը և Արցախի խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին: