գլխավոր Իրադարձային ՄԻՊ-ը կոչ է անում չտարածել կին զինծառայողին կտտանքների ենթարկվելու տեսանյութը

ՄԻՊ-ը կոչ է անում չտարածել կին զինծառայողին կտտանքների ենթարկվելու տեսանյութը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կոչով դիմել է լրատվամիջոցներին ու հանրությանը` չտարածել ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքի զոհ դարձած հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը «ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից»։

Նշենք, որ այսօր ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել է, որ ադրբեջանական կողմը վայրագություններ է իրականացրել մեր զինծառայողների նկատմամբ, այդ թվում` կանանց։ Նրա խոսքով` տեսանյութում ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել։

«Կոչ եմ անում լրագրողներին, տարբեր սոցիալական ցանցերի օգտատերերին հեռացնել իրենց հրապարակումներից, էջերից, հարթակներից համանման տեսանյութերը։ Հարգե՛ք մեր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների արժանապատվությունը։ Մի՛ օգնեք ադրբեջանական ատելության քարոզչամեքենային»,– ասված է պաշտպանի հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ ՄԻՊ-ը փաստել է, որ տեսանյութն ակտիվորեն տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի հիացմունքն ու գովեստը։

«Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա, իհարկե, ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ»,– գրել է պաշտպանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշել է, որ բոլոր նմանօրինակ տեսանյութերը փաստագրված ու վերլուծված են, դրանք ներկայացվում են միջազգային մասնագիտացված կազմակերպություններին, ու նաև ՀՀ իրավապահ մարմինների քննության առարկան են։