գլխավոր Իրադարձային ՀՀ-ում կարևորվում են ՀԱՊԿ առաքելությունները. Կոպիրկինը հանդիպել է Սիդորովի հետ

ՀՀ-ում կարևորվում են ՀԱՊԿ առաքելությունները. Կոպիրկինը հանդիպել է Սիդորովի հետ

 Երևանն ակնկալում է, որ ՀԱՊԿ առաքելությունը կարևոր դեր կխաղա հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կայունացման գործում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այստեղ ձեր առաքելությանը կարևոր նշանակություն են տալիս, ակնկալում են, որ ՀԱՊԿ–ը կարևոր դեր կխաղա իրավիճակի կայունացման հարցում և իրադրության հետագա էսկալացիայի կանխմանն ուղղված քայլեր ձեռնարկելու գործում»,– ասել է դեսպանը։Նրա խոսքով` Հայաստանի հանրությունը և տարբեր քաղաքական ուժեր ուշադիր հետևում են առաքելության աշխատանքին։

«Այստեղ հիշում են այն մասին, որ կազմակերպությունն առանցքային դեր է խաղացել այս տարվա սկզբին Ղազախստանում իրավիճակի կայունացման գործում։ Կարևոր մի կետ` Հայաստանը հիմա նախագահում է ՀԱՊԿ–ում»,– ասել է դիվանագետը։

Կոպիրկինը հաջողություն է մաղթել առաքելությանը` հստակ արդյունքների հասնելու գործում։ Նա ընդգծել է, որ դա անկասկած աշխատելու է կազմակերպության հեղինակության ամրապնդման ուղղությամբ և՛ ՀՀ–ում, և՛ տարածաշրջանում։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել առաքելություն ուղարկել Հայաստան` գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ։ Դեպի Հայաստան առաքելություն ուղարկելու առաջարկը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Սեպտեմբերի 15-ի երեկոյան Երևան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովի գլխավորած խումբը։ Խմբում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները։