գլխավոր Իրադարձային Նախիջևանից ամենամոտը Երասխն է, էլ չասեմ՝ պատերազմը Երևանից ինչ հեռավորության վրա կարող...

Նախիջևանից ամենամոտը Երասխն է, էլ չասեմ՝ պատերազմը Երևանից ինչ հեռավորության վրա կարող է ընթանալ․ Տիգրան Աբրահամյան

ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ կա նոր սպառնալիք Նախիջևանի կողմից, ինչը նշանակում է, որ կարող են և՛ պատերազմի մասշտաբները մեծանալ, և՛ կիրառվող զինանոցը ընդլայնվել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ով աշխարհագրական տեսանկյունից տիրապետում է Հայաստանի քարտեզին, կարծում եմ հասկանում է, թե ինչ է նշանակում Նախիջևանի կողմից նոր ճակատի բացվելը։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում տեղակայված զորամասը 10 տարի առաջ վեր է ածվել առանձին համազորային բանակի, որը աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական պրոցեսները, ծրագրերը նեդաշնակեցված են Թուրքիայի զինված ուժերի հետ, ինչը մեծ սպառնալիք է ստեղծում ՀՀ-ի համար։ Դեռ չեմ խոսում, որ Նախիջևանից ամենամոտ հատվածը Երասխի ուղղությունն է, էլ չասեմ, թե Երասխից Երևան ինչ հեռավորություն է ու պատերազմական ճակատը մայրաքաղաքից ինչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել»,- ասել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ թեև այս պահին առաջնագծում հարաբերական դադար է, բայց դեռ պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ այն ունի։

«Պարզ չէ, արդյո՞ք դա պայմանավորված է ՀՀ իշխանությունների առաջարկներով, կամ որևէ բանավոր պայմանավորվածությամբ, թե դա պայմանավորված է առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Նախիջևանում տեղի ունեցող վերախմբավորումներով, ինչը նոր սպառնալիքներ կարող է ստեղծել ՀՀ-ի և Արցախի համար»,- ասել է Աբրահամյանը։