գլխավոր Քաղաքականություն Հայաստանն ու Վրաստանն այսօր միակ ժողովրդավարական երկրներն են տարածաշրջանում, ինչը ևս մեկ...

Հայաստանն ու Վրաստանն այսօր միակ ժողովրդավարական երկրներն են տարածաշրջանում, ինչը ևս մեկ կապող օղակ է մեր համագործակցության համար․ Վրաստանում ՀՀ դեսպան

«Հայաստանն ու Վրաստանն ունեն համատեղ հարուստ պատմություն՝ հագեցած ընդհանուր ժառանգությամբ՝ միասնաբար անցնելով մի շարք փորձությունների և իրադարձությունների միջով։ Այսօր մենք՝ որպես գործընկերներ, պարտավոր ենք ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել մեր ընդհանուր ապագան կերտելուն՝ հիմնվելով ոչ թե ժամանակավոր կարճաժամկետ շահերի, այլ երկարաժամկետ համագործակցության մեր ընդհանուր հայեցակարգի վրա։ Հակառակ դեպքում, առանց նման հայեցակարգի, վտանգված կլինի մեր տարածաշրջանի ներկայիս քաղաքակրթական խճանկարն առհասարակ». Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը վրացական «InterPressNews» լրատվական գործակալությանը.

– Թեև մեր հարցազրույցը հիմնականում նվիրված է Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններին, ես չեմ կարող ձեզ չհարցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի հերթական սրման մասին։ Ադրբեջանական կողմը Ձեզ մեղադրում է սադրիչ գործողություններ կատարելու մեջ և հայտնում մարդկային կորուստների մասին։ Ի՞նչ կարող եք ասել միջադեպի մասին և ունեք արդյոք որևէ տեղեկություն զոհերի և վիրավորների մասին՝ թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական։

-Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ը, կիրառելով հրետանի, ականանետներ և անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ են բացել ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքերի, այլև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, մասնավորապես՝ Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ։ Կրակի տակ են հայտնվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքները: Սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նախաձեռնել են լայնածավալ հարձակողական գործողություններ։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում այս պահին ունենք 105 զոհ, կան նաև վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը, բացարձակ սուտ են։ Ավելին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար նախապես տեղեկատվական հենք էր նախապատրաստել՝ հայկական ենթադրյալ հրետակոծության մասին ամենօրյա ապատեղեկատվություն տարածելով, ինչը պարբերաբար հերքվում էր Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի այս ագրեսիան կապված է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հետ։ Դեռևս 2022 թվականի մարտին Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 5 առաջարկ էր ներկայացրել և առաջարկել դրանց հենքի վրա խաղաղության պայմանագիր կնքել։ Մեր արձագանքը դրան այն էր, որ այս առաջարկների մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան է, որ այս առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը։ Մասնավորապես, մեր լրացումներից մեկը վերաբերում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանմանը։ Հաջորդ կարևոր լրացումը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և կարգավիճակին։ Սկզբնական փուլում թվում էր, թե թեմայի շուրջ ընդհանուր ըմբռնում կա, սակայն ժամանակի ընթացքում և, հատկապես, Բրյուսելում կայացած վերջին հանդիպման ժամանակ, պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է մեր ներկայացրած լրացումների հիման վրա խաղաղ բանակցություններից։

Ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմայի վերաբերյալ։ Ադրբեջանը, խեղաթյուրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով միջանցքներ կամ միջանցք ստանալու մասին։ Հայաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևյալը. մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել Հայաստանի տարածքով, բայց շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության տարածքով ճանապարհների բացմամբ և ապաշրջափակմամբ՝ ելնելով այն տրամաբանությունից, որ տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ Հայաստանը և Ադրբեջանը, կարող են օգտվել այդ ճանապարհներից: Հարկ է նշել, որ մեր դիրքորոշումը լիովին համահունչ է եռակողմ հայտարարությունների տրամաբանությանը, որը հրապարակայնորեն հաստատել է համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահը։

– Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ին զուգահեռ օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանին։ Ի՞նչ օգնություն եք ակնկալում պաշտոնական Մոսկվայից, որքա՞ն իրատեսական եք համարում, որ Կրեմլը կկարողանա ձեզ ձեռք մեկնել՝ Ուկրաինայում շարունակվող լայնամասշտաբ պատերազմի լույսի ներքո։

-Սեպտեմբերի 13-ի գիշերը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքում որոշում է կայացվել դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Բացի այդ, Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997թ.-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի հիման վրա, ինչպես նաև որոշում է կայացրել դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ իրավիճակը հրատապության կարգով քննարկելու նպատակով։

Գիշերվա ընթացքում Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահների, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների գծով։

Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի չհրահրված լայնածավալ ռազմական ագրեսիային։

– Ոչ վաղ անցյալում Վրաստանը կարևոր դեր է խաղացել որպես միջնորդ ձեր և Ադրբեջանի միջև։ Տարածաշրջանում կայունությունը բխում է նաև մեր շահերից։ Արդյոք մտադիր եք մոտ ապագայում այդ հարցը բարձրացնել Վրաստանի կառավարության հետ։

-Սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների միջև, որի ընթացքում ՀՀ վարչապետն իր վրացի գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի դիրքորոշումը և պատրաստ է համագործակցել վերջինիս հետ այնպես, ինչպես և բոլոր միջազգային գործընկերների հետ՝ մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար։

– Քանի որ դուք արդեն պաշտոնապես ստանձնել եք ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, կցանկանայի ձեզ հարցնել, թե ինչ ծրագրեր ունեք Վրաստանի հետ կապված, կիսվեք մեզ հետ այն առաջնահերթ ուղղություններով, որոնցում դուք մտադիր եք առավել ակտիվ աշխատել։

-Նախ նշեմ, որ ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը։ Քաղաքակրթական և մշակութային նմանությունները, ընդհանուր արժեհամակարգը մեր ժողովուրդների դարավոր պատմական բարեկամությունն ապահովող առանցքային գործոններն են։ Հայ և վրացի ժողովուրդների մտերմությունը ես նկատեցի Վրաստանում իմ գտնվելու առաջին իսկ օրերին՝ զգալով վրացական հայտնի հյուրընկալության ամբողջ խորությունը։

Ինչ վերաբերում է առաջնահերթ ուղղություններին, ապա հայտնի է, թե ինչ առանձնահատուկ դեր է հատկացնում Հայաստանը Վրաստանի հետ սերտ համագործակցությանը գրեթե բոլոր ոլորտներում, ինչի լավագույն վկայությունն են մեր երկրների կառավարությունների և տարբեր նախարարությունների ղեկավարների պաշտոնական և աշխատանքային կանոնավոր շփումները։ Մեր գործունեության կարևորագույն ուղղությունը լինելու է ակտիվ քաղաքական երկխոսության ապահովումը ինչպես բարձր, այնպես էլ աշխատանքային մակարդակներում։

Կարևոր ուղղություն է նաև մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը։ 2021թ. մեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների զգալի աճ է արձանագրվել, 2022թ. աճի միտումը շարունակվում է, և մենք մտադիր ենք անել հնարավորը այս միտումը պահպանելու համար։ Առաջնահերթ է նաև Վրաստանի հետ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը։ Երկկողմ համագործակցության վերջին նման հաջող օրինակը Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր «Բարեկամության կամուրջի» կառուցումն ու շահագործման հանձնումն էր։

Որպես դեսպան իմ գործունեության մյուս կարևոր նպատակը կլինի ակտիվացնել անձնական շփումները մեր երկրների քաղաքացիների միջև «ավելի շատ Հայաստան Վրաստանում և ավելի շատ Վրաստան Հայաստանում» սկզբունքով։ Այս համատեքստում մենք մեծապես կարևորում ենք ինչպես զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը, այնպես էլ մեր երկրների մշակութային գործիչների, գիտնականների, ուսանողների, փորձագիտական համայնքների միջև շփումները։

– Վրաստանում ՀՀ նախորդ դեսպանը իր պարտականությունները կատարում էր 2017 թվականից։ Ինչպե՞ս կգնահատեք նրա գործունեությունը այս տարիների ընթացքում, արդյոք կան ակնհայտ թերություններ, որոնք, ըստ Ձեզ, կարող էին այլ կերպ իրականացվել, այդ թվում՝ երկրների միջև ռազմավարական հարաբերություններում։

-Կոռեկտ չեմ համարում գնահատել պարոն Ռուբեն Սադոյանի գործունեությունը Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնում։ Բայց այսօր պարոն Սադոյանի գործունեության մասին կարելի է պատկերացում կազմել, դիտարկելով վերջին հինգ տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ շփումների բարձր մակարդակը և ակտիվությունը։

Կցանկանայի նաև նշել, որ որպես Վրաստանում Հայաստանի Հանրապետության նոր դեսպան՝ ստացել եմ լավ ժառանգություն և ամուր հիմք հետագա գործունեության համար՝ ի շահ հայ-վրացական հարաբերությունների։

– Չնայած բազմաթիվ որոնումների, ոչ մի տեղ հստակեցված չէ, թե ինչով է պայմանավորված նախորդ դեսպան Ռուբեն Սադոյանի հետկանչը Վրաստանից և Ձեր նշանակումն այս պաշտոնում։ Լրատվական գործակալությունները գրում են, որ պատճառը չի պարզաբանվել նաև Հայաստանի ԱԳՆ-ի կողմից։ Գուցե պարզաբանեք, թե երբ էր ավարտվում Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանի պաշտոնավարման ժամկետը և ինչով է պայմանավորված նրա հետկանչը։

-Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, Հայաստանում ևս դեսպանները նշանակվում են որոշակի ժամկետով, որից հետո տեղի է ունենում բնական ռոտացիա։ Այս առումով պարոն Սադոյանը Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է շուրջ 5 տարի, ինչը բավական երկար ժամանակահատված է։ Հետևապես, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի հետկանչը և նոր դեսպանի նշանակումը անհրաժեշտ է դիտարկել հենց բնական ռոտացիայի համատեքստում։

– Կցանկանայի հարցնել, թե ինչով է պայմանավորված Ձեր՝ Գերմանիայում աշխատանքից հետո Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակումը։

-Ինչպես արդեն նշեցի, Վրաստանը Հայաստանի ամենամոտ և բարեկամական հարևանն է, և այս առումով Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում։

Վրաստանը և Հայաստանը մեր տարածաշրջանում հանդիսանում են երկու երիտասարդ ժողովրդավարություններ, որոնք հստակորեն ուրվագծել են հետագա ժողովրդավարացման իրենց օրակարգը։ Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ ժողովրդավարական արժեքները հստակ դրոշմ ունեն մեր ժողովուրդների պատմության մեջ։ Հայտնի է, որ այսօրվա ժողովրդավարական արժեքները հիմնվել են քրիստոնեական արժեքների վրա՝ զարգանալով հետագա դարերի ընթացքում: Եվ այս գործընթացում զգալի ներդրում են ունեցել թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը՝ որպես երկու հին քրիստոնյա ժողովուրդներ՝ իրենց հարուստ մշակույթով ու պատմությամբ։

Հայաստանն ու Վրաստանը նաև ընտրել են խորհրդարանական ժողովրդավարության կառուցման ուղին։ Եվ ես անկեղծորեն հուսով եմ, որ իմ աշխատանքային փորձը Գերմանիայում՝ Եվրոպայի սրտում գտնվող և կայացած խորհրդարանական համակարգ ունեցող այդ երկրում, կօգնի իմ այսօրվա աշխատանքին՝ մեր հասարակությունների ժողովրդավարացման գործընթացի և բարեփոխումների իրականացման համատեքստում։

– Վերադառնալով մեր երկրների միջև երկկողմ համագործակցությանը՝ կցանկանայի ձեզ հարցնել, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հետևանքով, արդյոք նախատեսվում է երկկողմ համագործակցություն վրացական կողմի հետ՝ տարանցիկ հանգույցի գործառույթի իրականացման ուղղությամբ, և առհասարակ՝ ինչպես եք տեսնում մեր երկրների միջև համագործակցության շարունակությունը տարածաշրջանային համատեքստում:

-Ակնհայտ է, որ Վրաստանը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ հայկական ներմուծման և արտահանման զգալի մասը անցնում է Վրաստանի տարածքով։ Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության զարգացումը, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ և տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, ինչպես օրինակ՝ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ձևավորումը կամ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը, առանցքային նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և Վրաստանի, այլև մեր ողջ տարածաշրջանի համար։

Ցավոք, Հայաստանն ու Վրաստանն այսօր միակ ժողովրդավարական երկրներն են տարածաշրջանում, ինչը, սակայն, ևս մեկ կապող օղակ է մեր համագործակցության համար։ Հայաստանը, որպես երիտասարդ ժողովրդավարական երկիր, շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների տարածմամբ, քանի որ մենք դա դրական գործոն ենք համարում մեր տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության ապահովման համար։ Այս հարցում նույնպես Վրաստանը մեր համախոհն է։

– Կխնդրեի գնահատեք Վրաստանի և Հայաստանի ներկայիս հարաբերությունները։ Մեր կողմից նկատում ենք, թե որքան հաճախակի են դարձել բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ այցերը Վրաստան և Հայաստան. մեր վարչապետը մի քանի պաշտոնական այց կատարեց Հայաստան, իսկ մի քանի ամիս առաջ մենք ընդունեցինք Հայաստանի նախագահին Վրաստանում։ Մեր երկկողմ հարաբերությունները երբեք չեն եղել սառը և պասիվ, բայց ես կցանկանայի ձեզ հարցնել, թե ինչն է պատճառը, որ այս տեմպերն էլ ավելի աճեցին։

-Իրապես, վերջին տարիներին հատկապես ակտիվացել են շփումները Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև, ինչը, ի դեպ, վերաբերում է ոչ միայն մեր երկրների նախագահներին և վարչապետներին, այլ նաև տարբեր ոլորտներում համագործակցության համար պատասխանատու նախարարություններին, այդ թվում՝ տնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, ֆինանսների և այլ ոլորտներում։

Այս ակտիվացումը նկատվում է ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների ֆոնին։ Այս փոփոխությունների արագությունը և ինչ-որ իմաստով անկանխատեսելիությունը ստիպում է մեր երկու հարևան բարեկամ երկրներին մշտական կապի մեջ լինել միմյանց հետ՝ կանոնավոր կերպով կարծիքներ փոխանակելու և ի հայտ եկած խնդիրներն արագ լուծելու, ինչպես նաև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Հայաստանն ու Վրաստանն ունեն համատեղ հարուստ պատմություն՝ հագեցած ընդհանուր ժառանգությամբ՝ միասնաբար անցնելով մի շարք փորձությունների և իրադարձությունների միջով։ Այսօր մենք՝ որպես գործընկերներ, պարտավոր ենք ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել մեր ընդհանուր ապագան կերտելուն՝ հիմնվելով ոչ թե ժամանակավոր կարճաժամկետ շահերի, այլ երկարաժամկետ համագործակցության մեր ընդհանուր հայեցակարգի վրա։ Հակառակ դեպքում, առանց նման հայեցակարգի, վտանգված կլինի մեր տարածաշրջանի ներկայիս քաղաքակրթական խճանկարն առհասարակ: