գլխավոր Իրադարձային Սահմանապահները Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խմբին ներկայացրել են ընթացիկ իրավիճակը

Սահմանապահները Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խմբին ներկայացրել են ընթացիկ իրավիճակը

Ռուս սահմանապահներն այսօր Հայաստանում ՀԱՊԿ առաքելության օպերատիվ խմբին ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնել է խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Մենք ստացել ենք իրավիճակի պատկերը և օպերատիվ տեղեկատվություն մեր սահմանապահներից, որոնք ծառայություն են իրականացնում նաև սահմանին և մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի առանձին հատվածների պահպանությանը»,-ասել է նա Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ Ռոման Գոլուբիցկու հետ աշխատանքային հանդիպման ավարտին:

Սեպտեմբերի 13–ին ՀԱՊԿ-ը որոշել էր Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ինչպես նաև ստեղծել աշխատանքային խումբ ՀԱՊԿ-ի քարտուղարության աշխատակիցներից ու միացյալ շտաբի զինծառայողներից՝ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիթորինգի համար: