գլխավոր Իրավունք «Ես սա անպատիժ չեմ թողելու». դատարանն արդարացրեց Սայաթ Շիրինյանին

«Ես սա անպատիժ չեմ թողելու». դատարանն արդարացրեց Սայաթ Շիրինյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրել է ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանին։

«Դատարանը որոշեց ճանաչել Սայաթ Շիրինյանի անմեղությունը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրան արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառով»,–ասել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Yerevan.today-ի հետ զրույցում Շիրինյանը նշել է, որ ի սկզբանե պարզ էր` շինծու գործ էր, որը հարուցվել էր ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի վրա։

«1 տարի 9 ամիս տևեց այս ամենը, և այդ ընթացքում ինձ նաև ազատությունից են զրկել։ Ես վրեժ եմ լուծելու նրանցից` քննիչից և ցուցմունք տվողից, այսինքն` պայքարելու եմ, որ նստեն, սա անպատիժ չեմ թողելու։ Դատավորի դեմ էլ ճնշումներ եղել են, սակայն նա կուլ չի գնացել դրանց»,–ասել է Շիրինյանը։

Հիշեցնենք, որ Շիրինյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

ՔԿ–ն 2020-ի դեկտեմբերի 23–ին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Շիրինյանը «Ֆեյսբուքում» բռնության կոչեր պարունակող գրառում է արել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։

«Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չէ»,– գրել էր Շիրինյանը։

2020 թ–ի դեկտեմբերի 22-ին գրառման առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Անցյալ տարի դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել։