գլխավոր Իրադարձային Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալին՝ իրավիճակին...

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալին՝ իրավիճակին արագ արձագանքելու համար


Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Սուրեն Պապիկյանը Քոլին Քահլին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Քոլին Քահլին՝ իրավիճակին արագ արձագանքելու համար:

Քոլին Քահլը, իր հերթին, կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Քոլին Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն: