գլխավոր Քաղաքականություն Ես չեմ պատրաստվում երբևէ Ռոբերտ Քոչարյանին ընտրել վարչապետ. Ռուբեն Ռուբինյանը՝ իմպիչմենթի գործընթացին...

Ես չեմ պատրաստվում երբևէ Ռոբերտ Քոչարյանին ընտրել վարչապետ. Ռուբեն Ռուբինյանը՝ իմպիչմենթի գործընթացին միանալու մասին

Պետք է մի փոքր շեղվեմ թեմայից՝ խոսելով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին։ Երբ դուրս եկա աշխատասենյակից  և մոտենում էի նիստերի դահլիճ, մոտեցան լրագրողները, և ես ապշած եմ նրանց տված հարցերից: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ես մտածում էի, որ հետաքրքվելու են՝ ի՞նչ վիճակ է սահմաններին, ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում, ինչո՞վ կարող են օգնել իրենք և այլն, բայց լրագրողները հետաքրքրվում էին՝ արդյո՞ք միանալու ենք իմպիչմենթի գործընթացին, բայց պատասխանեմ՝ ոչ, ես չեմ պատրաստվում երբևէ Ռոբերտ Քոչարյանին ընտրել վարչապետ: Կա աքսիոմատիկ ճշմարտություն, երբ երկիրը կանգնած է կոնկրետ սպառնալիքի առաջ և անհրաժեշտ է ռազմական ճանապարհով պաշտպանել սեփական տարածքային ամբողջականությունը, ամենակարևոր բանը ներքին միասնությունն է»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշել է, որ սա չհասկանալու համար պետք է կա՛մ լինել դավաճան, կա՛մ տրվել էմոցիաներին, բայց հնարավոր է, որ մեր հանրության ընդդիմադիր զանգվածի մոտ հարցեր առաջանան՝ ի՞նչ անել, եթե մենք չենք համակրում իշխանությանը:

«Պետք չէ համախմբվել մեր շուրջ, պետք է համախմբվել պետականության շուրջ: Պետք է համախմբվել պետականության շուրջ այն նույն պատճառով, որ պատճառով ես 2016 թվականին համախմբվել եմ պետականության շուրջ, բայց ես Սերժ Սարգսյանին ամենևին լավ չէի վերաբերվում, բայց վայրկյան անգամ միտք չի առաջացել Սերժ Սարգսյանին մեղադրել Ղարաբաղի վրա տեղի ունեցող հարձակման մեջ»,- նշել է ԱԺ փոխնախագահը: