գլխավոր Հասարակություն ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ

ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների  ընտանիքների հետ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

Մեր հարցին, թե քանի գերի ունի հայկական  կողմը, Ամատունին նշել է, որ իրենք չեն կարող  վիճակագրություն հրապարակել, հատկապես հիմա, երբ դեռ հավաքագրում են տվյալները:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին զինծառայողների դիերը Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ Զառա Ամատունին ասել է, որ իրենք տեղյակ են դրա մասին: «Այս պահին մենք այդ հարցերով երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ: Երբ լինի տեղեկություն, մենք արդեն կկարողանանք հաստատել»,-ասել է նա: