գլխավոր Իրադարձային Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Սյունիքի մարզում երկու քաղաքացիական անձ վիրավորվել է, մեկը՝ զոհվել....

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Սյունիքի մարզում երկու քաղաքացիական անձ վիրավորվել է, մեկը՝ զոհվել. վնասվել են բնակելի տներ, գերեզմանոց, կոմունիկացիոն ենթակառուցվածքներ. Մարտիրոսյան. Փաստինֆո

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով երեկ երեկոյան զոհվել է Սյունիքի մարզի Նորավան գյուղի բնակիչ Գևորգ Մարտիրոսյանը։ Եվս երկու քաղաքացիական անձ՝ Նորավանի բնակիչ Գավրուշ Հովհաննիսյանը և Տեղ համայնքի բնակիչ Արթուր Մարությանը, վիրավորվել են։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյանը։

«Իմ տեղեկություններով՝ Գևորգ Մարտիրոսյանը զոհվել է արկի պայթյունից։ Երեկոյան դուրս էր եկել անասուններին փնտրելու, և ադրբեջանցիները թիրախավորել են»,-նշել է Մարտիրոսյանը։

Ադրբեջանցիները թիրախավորել են նաև Կապանի բժշկական կենտրոնի երկու շտապօգնության մեքենա՝ մեկը Կապան-Ճակատեն ճանապարհին, մյուսը՝ Ճակատեն- Շիկահող։

Ադրբեջանական ստորաբաժանումների հրետակոծության հետևանքով, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Էդգար Մարտիրոսյանը, վնասվել են նաև բազմաթիվ բնակելի տներ՝ Կապանի ու Գորիսի ենթաշրջաններում, էլեկտրասնուցման գծեր, Նորավան գյուղի գերեզմանոցը, Քարաշեն գյուղի մշակույթի տունը, Սիսիան համայնքի Նորավան և Աղիտու բնակավայրերը կապող ճանապարհը։

«Գորիս համայնքի Վերինշեն բնակավայրում վնասվել է՝ 3, Ակներում՝ 1 բնակելի տուն։ Ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով վնասվել էին նաև Սիսիան համայնքի Վաղատին, Որոտնավան, Շամբ, Դարբաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն, Դաստակերտ, ինչպես նաև Կապան համայնքի Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարարման գծերը։ Վաղատուրի էլեկտրամատակարարման գիծն ու գազատարը ևս վնասվել էին։ Նշված բոլոր ենթակառուցվածքները արդեն վերականգնվել են»,-ասել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը։

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի մոտ վնասվել է նաև քաղաքացիական ավտոմեքենա։