գլխավոր Իրադարձային ԿԽՄԿ–ն տեղեկացված է հայ զինվորների մարմինները Երևանին հանձնելու Բաքվի մտադրության մասին

ԿԽՄԿ–ն տեղեկացված է հայ զինվորների մարմինները Երևանին հանձնելու Բաքվի մտադրության մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը տեղեկացվել է, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր են միակողմանիորեն Երևանին հանձնել զոհված հայ զինծառայողների մարմինները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

Նշենք` պաշտոնական Բաքուն հայտնել էր, որ պատրաստ են 100 հայ զինծառայողի դի փոխանցել պաշտոնական Երևանին։

Ավելի վաղ ԿԽՄԿ–ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ պատրաստ է հանդես գալ որպես մարդասիրական չեզոք միջնորդ` այդ թվում զոհվածների մարմինները կողմերին փոխանցելու հարցերով։

«Այս փուլում այս և այլ հարցերի շուրջ ԿԽՄԿ–ն շարունակում է երկխոսել ներգրավված կողմերի հետ։ Ինչ վերաբերում է ԿԽՄԿ-ի միջնորդական դերի առումով հետագա ցանկացած գործողություններին, ապա այն կարող է գործի դրվել կողմերի համաձայնեցվածության և կառույցին դիմելու դեպքում»,– ասել է Ամատունին։

Նրա խոսքով` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը պատրաստ է և շարունակում է այս հարցի շուրջ քննարկումները։