գլխավոր Քաղաքականություն Եթե Ադրբեջանն ասում է՝ իր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնի, ուրեմն մենք...

Եթե Ադրբեջանն ասում է՝ իր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնի, ուրեմն մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում. Փաշինյան

Եթե Ադրբեջանը պետք է առաջնորդվի  հոխորտալից սկզբունքով՝ իր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնի, ուրեմն Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, եթե ադրբեջանցիները դուրս կգան, կկանգնեն նախկին Խորհրդային Միության սահմանի վրա, Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կճանաչի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Ադրբեջանն ասում է՝ եկեք տարածքային ամբողջականությունը ճանաչենք փոխադարձաբար: Մենք ասում ենք՝ համաձայն ենք դրա հետ, ճանաչենք, բայց, մի րոպե, օրինակ այն տարածքները, որտեղ դուք ներխուժել եք՝ Վերին Շորժա և այլն, դա ում տարածքային ամբողջականության մեջ է: Եթե Ադրբեջանն ասում է, որ դա իր տարածքն է, ուրեմն մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, քանի որ դա մեր տարածքն է, դա վիճելի տարածք չէ: Եթե Ադրբեջանը, օրինակ, համարելու է, որ այն տարածքները, որտեղ ինքը ներխուժել է, Ադրբեջանի տարածք է, մենք ուրեմն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչելու: Մենք ասել ենք՝ այդ պայմանին մենք համաձայն ենք, եթե փոխադարձաբար ճանաչում ենք, ուրեմն ճանաչում ենք: Եվ այսօր էլ եմ հայտարարում, որ  մենք պատրաստ ենք, բայց, եթե Ադրբեջանը պետք է առաջնորդվի այն հոխորտալից սկզբունքով, որ «իմ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնեմ», մենք ուրեմն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում: Եթե իրենք դուրս կգան, կկանգնեն Սովետական միության սահմանի վրա, որը լեգիտիմ սահման է, մենք իր տարածքային ամբողջականությունը կճանաչենք, եթե ոչ՝ չենք ճանաչի»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այստեղ կապ չունի նաև ռազմական բալանսը, թե ով ինչքան զենք ունի, ով ինչքան դաշնակից ունի, ում դաշնակիցն է լավը, ում դաշնակիցն է վատը:  Փաշինյանը վստահեցրեց, որ սա քաղաքական դիրքորոշում է, որը չի փոխվելու:

«Իմ ասած  դիրքորոշման հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի, դեմարկացիա, դելիմիտացիա անել: Բայց, եթե Ադրբեջանը մտնում է մի տեղ, ու ասում՝ տարածքային ամբողջականությունը ճանաչենք, եթե այդ սկզբունքի հիման վրա է, մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, որովհետև փաստացի ինքն էլ մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում»,-ասաց վարչապետը:

Ապա Փաշինյանը եզրափակեց. «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունի կոնկրետ տարածք, եթե Ադրբեջանն այդ տարածքի, մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ես հենց այսօր այդ հենքի վրա համաձայն եմ գալ համաձայնության»: