գլխավոր Առողջապահություն Հայաստանի առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի․ Ավանեսյան

Հայաստանի առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի․ Ավանեսյան

Հայաստանի առողջապահական համակարգը Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հարձակումից հետո ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք թե՛ տեղերում՝ մեր մարզային բժշկական կենտրոններում, թե՛ Երևանում ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը։ Բոլոր բժշկական կենտրոնները համալրվել են դեղորայքով, բժշկական նշանակության պարագաներով, մասնագիտական թիմերով, անհրաժեշտ շտապօգնության բրիգադներով։ Մենք այս պահին որևէ կարիք չունենք հավելյալ՝ ոչ մեր համակարգի ներսում բաշխվածություն ապահովելու»,- հայտարարեց Ավանեսյանը։

Նա նշեց, որ ակտիվ կապ կա Սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ։ «Բոլոր վիրավորները մարզային կենտրոններում ստանում են համապատասխան բժշկական օգնություն, այնուհետև մեր մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում Երևանի բժշկական կենտրոններ՝ ստանալու բարձրակարգ, ավելի նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիաներ պահանջող բժշկական օգնություն։Այսօր ես այցելել եմ բժշկական կենտրոններ Երևանում, այցելելու եմ նաև բոլոր մարզերում այն բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են մեր վիրավորներին»,- ասաց Ավանեսյանը։

Նա տեղեկացրեց, որ դոնորական արյան պաշարները բավարար են, անընդհատ համալրվում են։