գլխավոր Քաղաքականություն Այս գործողություններով Ադրբեջանը արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից.Նիկոլ Փաշինյան

Այս գործողություններով Ադրբեջանը արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից.Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն իր այսօրվա քայլերով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։

«Այն, ինչ կասեմ, գուցե շատերին տարօրինակ կթվա, բայց Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից։ Այս համոզմունքը ձևավորվել է նաև բանակցային սեղանի շուրջ տեղի ունեցող խոսակցությունների հիման վրա։ Ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` եռակողմ հայտարարությունը 3 անկյունաքարային դրույթներ ունի, որոնց դեմ էլ պայքարում է Ադրբեջանը. դրանք են` կա ԼՂ սուբյեկտ, այն ունի շփման գիծ, որի անվտանգությունը երաշխավորում են ՌԴ խաղաղապահները, և Լաչինի միջանցքը, որը ՀՀ–ի և ԼՂ–ի միջև կապ ապահովելու համար է։

Հարցին, թե արդյոք կորցրած դիրքերից հետ վերցրել ենք այսօր, Փաշինյանը պատասխանեց.

«Գուցե կոպիտ հնչի, բայց մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես։ Մեր քաղաքական խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, և ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա»։

Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանն իր դիրքորոշումներում խճճվել է։