գլխավոր Քաղաքականություն Հայաստանը ՀԱՊԿ–ին է դիմել 4-րդ հոդվածով. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Հայաստանը ՀԱՊԿ–ին է դիմել 4-րդ հոդվածով. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Հայաստանը ՀԱՊԿ–ին է դիմել 4-րդ հոդվածով, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«4-րդ հոդվածը սահմանում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար»,–ասաց Փաշինյանը։

Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերում ասելով, ըստ Փաշինյանի, նկատի են ունեցել նաև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք–Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժումը. «Եվ սա մենք ֆիքսում ենք` որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է ՀՀ տարածքից դուրս գա։ Եվ սա է մեր խնդիրը, այդ թվում` ՀԱՊԿ–ում մեր նախաձեռնության իմաստով»։

Փաշինյանի գնահատմամբ` ՀԱՊԿ–ի նիստ կազմակերպելը գոհացուցիչ փաստ էր, իսկ նիստին անկեղծ ու բաց քննարկում է տեղի ունեցել։ Նրա խոսքով` նվազագույն անհրաժեշտ որոշումներ են կայացվել այս փուլի համար։

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ երեկ ՀԱՊԿ ԱԽ նիստում սկիզբ է դրվել մի գործընթացի, որը պետք է իր կոնկրետ լուծումներն ունենա։