գլխավոր Քաղաքականություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա, որը խախտել է ադրբեջանական կողմը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա, որը խախտել է ադրբեջանական կողմը. Փաշինյան

ՀՀ դիրքորոշումը հետևյալն է` խոսելով սահմանագծման և սահմանազատման մասին, պետք է հենվենք իրավական որոշումների վրա։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե խոսում ենք քարտեզների մասին, ապա պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրավական որոշումների վրա։ Առանց իրավական հիմքի, որևէ քարտեզ գեղանկարչություն է։ Մենք ուսումնասիրել ենք` ՀՀ–ի և Ադրբեջանի քարտեզների միջև իրավական ինչ հիմքեր կան, և առաջարկում ենք, որ այս սկզբունքով էլ իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններ չկան, ճիշտ չէ, քանի որ 1991-ին ԱՊՀ հռչակագրով ճանաչվել է Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանը բաժանող սահմանները։ Փաշինյանը նշեց` այդ սահմանը կա և այն խախտվել է Ադրբեջանի կողմից` նախորդ տարի և հիմա։

Նա հավելեց, որ Խորհրդային Միության քարտեզների հիման վրա էլ պետք է հիմնվի սահմանազատման գործընթացը։

«Եթե Ադրբեջանը պնդում է, որ ԼՂ–ն Ադրբեջանի մաս է, ապա ԼՂ–ն Ադրբեջանի մաս է եղել Խորհրդային Միության շրջանում։ Եվ եթե ադրբեջանական կողմը Խորհրդային Միության քարտեզները չի ճանաչում, պետք է հասկանալ, թե այդ պնդման քաղաքական հետևանքները որոնք են»,–ասաց ՀՀ վարչապետը։