գլխավոր Իրադարձային Հայաստանն իր երկինքը չի փակել ադրբեջանական ու թուրքական ինքնաթիռների համար. Քաղավիացիա

Հայաստանն իր երկինքը չի փակել ադրբեջանական ու թուրքական ինքնաթիռների համար. Քաղավիացիա

 Հայաստանն իր օդային տարածքը փակելու որոշում չի կայացրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը։

«Հայաստանի կողմից օդային տարածքը փակելու որոշում չի կայացվել»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է երեկվանից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների` ՀՀ տարածքը շրջանցելու մասին տեղեկություններին, մեր զրուցակիցը չհերքեց դրանք` միաժամանակ ասելով, որ դա թերևս այդ երկրի կամ ավիաընկերությունների զգուշավորության արդյունք է։

Տեղեկացնենք` Hetq.am-ը հայտնել էր, որ Բաքվից Նախիջևան թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռները սեպտեմբերի 12-ին իրենց թռիչքներն իրականացրել էին Իրանի օդային տարածքով` շրջանցելով Հայաստանի երկինքը։Ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները, հավելելով հայաստանյան լրատվամիջոցի տեղեկությունները, հայտնել էին, որ «Թուրքական ավիաուղիները» նույնպես այս օրերին խուսափում են ՀՀ օդային տարածքից։

Այսպես` ադրբեջանական axar.az կայքը գրում է, որ Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթն այսօր տեղի է ունեցել՝ օգտագործելով Իրանի և Վրաստանի օդային տարածքները։