գլխավոր Facebook Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը. Արման Թաթոյան

Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը. Արման Թաթոյան

Նոր փաստերը հաստատում են, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը և պատերազմական հանցանքները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը.

«Գեղարքունիքում Սոթքից, Վերին Շորժայից, Նորաբակից և Կութից բացի, ավելացել են նաև Ազատ, Այրք, Տրետուք, Կուտական գյուղերի ուղղությունները:

Թիրախավորել են բնակիչներին պատկանող տները, անասնագոմերը, վնասել են մեքենաներ կամ ոչնչացվել Սոթքում, Նորաբակում, Կուտականում, Կութում, Այրքում:

Ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված զգալի վնասներ են պատճառել հատկապես այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և հրետակոծությունների տակ են թողել իրենց կենդանիներին: Սա մարդկանց կանգնեցնելու է լուրջ սոցիալական խնդիրների առաջ` զրկելով ապրուստից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից»: