գլխավոր Իրադարձային Փարիզն ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Արցախի հարցով վերականգնել ԵԱՀԿ ՄԽ–ն....

Փարիզն ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Արցախի հարցով վերականգնել ԵԱՀԿ ՄԽ–ն. ՌԴ ԱԳՆ

Փարիզն ազդակներ է ուղարկում արցախյան կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ–ի գծով շփումները վերսկսելու պատրաստակամության մասին, միևնույն ժամանակ երաշխիքներ չկան, որ Ֆրանսիան և ԱՄՆ–ն կրկին չեն արգելափակի այդ հարթակի աշխատանքը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը կաթվածահար էր եղել այն բանից հետո, երբ ամերիկյան և ֆրանսիական համանախագահներն այս տարվա փետրվարի 24-ին առանց նախնական ծանուցման և խորհրդակցությունների «սառեցրել» էին փոխգործակցությունը ՌԴ գործընկերոջ հետ։

«Եռյակի» աշխատանքի հիմնական սկզբունքի` կոնսենսուսի կանոնի նման կոպիտ խախտում ԵԱՀԿ ՄԽ–ի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ է եղել։ Որոշ ժամանակ անց Փարիզից շրջանցիկ ազդակներ են ստացվել համանախագահների գծով շփումները վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ, կարծես ոչինչ չի եղել», – ասել է ՌԴ դիվանագետը։

Նրա խոսքով` ռուսական կողմը միևնույն ժամանակ մինչ հիմա մատչելի պարզաբանումներ չի ստացել հարթակի աշխատանքի արգելափակման պատճառների վերաբերյալ։

«Երաշխիքներ ևս չկան, որ նման ապակառուցողական ակցիաներ ապագայում չեն կրկնվի հերթական հորինված պատրվակով», – հավելել է Գոնչարը։Նա հիշեցրել է նաև, որ միջնորդը հաջողության հասնելու շանսեր ունի, եթե նրա ծառայություններով հետաքրքրված են այս կամ այն վեճի բոլոր կողմերը։ Ըստ Գոնչարի, սակայն, նման կոնսենսուս չի եղել։

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է կախված լինի արևմտյան խաղացողների քմահաճույքներից։ Մենք Բաքվի և Երևանի հետ համատեղ աշխատելու ընդարձակ դաշտ ունենք մեր առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակում», – կարծում է նա։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ–ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» շրջանակում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ արցախյան հարցի կարգավորման հարցում անհրաժեշտ է կիրառել խմբի փորձը։