գլխավոր Իրադարձային Արսեն Թորոսյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է ՀՀ առողջապահական ոլորտում...

Արսեն Թորոսյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է ՀՀ առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է ՀՀ առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները:

Կողմերը քննարկվել են կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական կացությունը, ծագած խնդիրները և այդ ուղղությամբ համագործակցության հարցերը:

«Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար, նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ օգնությամբ տրամադրված բոլոր սարքերը, պարագաներն ու թեստերը ծառայում են իրենց նպատակին: Ներկայացնելով իրավիճակը՝ նախարարն ընդգծել է, որ առողջապահական համակարգը հայտնվել է բարդ դրության մեջ, քանի որ, իր սովորական աշխատանքից բացի, դիմակայում է նաև վերոհիշյալ երկու ծանրագույն մարտահրավերներին:

Լին Թրեյսին կարծիք է հայտնել, որ Հայաստանն արդեն լավ փորձ ունի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, ինչը հնարավորություն է տալիս ավելի հեշտ շարունակելու և բարելավելու բուժման կազմակերպման աշխատանքները:

Այդուհանդերձ, դեսպանը տեղեկատվություն է խնդրել առողջապահական համակարգի կարողությունների վերաբերյալ: Լին Թրեյսին համաձայնել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը նոր մարտահրավերների առաջ է կանգնած, իսկ լուծման համար` հայ բժիշկներին նոր գիտելիքներ են անհրաժեշտ: Նա պատրաստակամություն է հայտնել համապատասխան միջոցներ ձեռնարկել այս առումով:

Միաժամանակ, կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները, կարծիքներ փոխանակել այս ուղղությամբ երկրների միջև փոխգործակցություն ծավալելու առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: