գլխավոր Իրադարձային Գնալու ենք ԱԺ պատգամավորների տներ, նրանք հանգիստ չեն ունենալու. Էդգար Ղազարյան

Գնալու ենք ԱԺ պատգամավորների տներ, նրանք հանգիստ չեն ունենալու. Էդգար Ղազարյան

Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորները պետք է հրապարակային հայտնեն իրենց դիրքորոշումը ՀՀ վարչապետի գործողությունների վերաբերյալ՝ արդյո՞ք գոհ են դրանցից, թե՞ նպատակահարմար են գտնում նրան հեռացնել իշխանությունից։ ԱԺ–ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նման հայտարարություն արեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ երեկվանից 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու աջակիցները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ և պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ղազարյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր պատգամավոր, որպես պաշտոնյա, գործում է ժողովրդի հրամայական մանդատով, սեփական խղճով և համոզմունքներով։

«Պետք է նրանցից յուրաքանչյուրի հետ այս հարցը դարձնել քննարկման առարկա։ Մենք իրենց հանգիստ չենք թողնելու, կարծում ենք, նրանց հետ լավագույն հանդիպման վայրը ԱԺ–ում իրենց գրասենյակն է, բայց մենք գնալու ենք իրենց տներ, գտնելու ենք իրենց հարազատներին, ընկերներին… Նրանք չեն կարող այս իրավիճակում ողջ հասարակությանը պահել անհանգստության մեջ և ապրեն հանգիստ կյանքով»,–ասաց Ղազարյանը։

Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին գիտակցել օրվա կարևորությունը, միանալ բողոքի ակցիային, որը կտա իր տրամաբանական արդյունքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին և խոսել պատգամավորների հետ։