գլխավոր Իրադարձային ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը առցանց քննարկումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական շարունակվող հարձակման հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի փաստերը: 

Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի վերաբերյալ աշխատակազմի փաստահավաք տվյալները, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց թիրախավորման փաստերը, ներկայացրել ապացույցներ: 

Պաշտպանն առանձին քննարկում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչի հետ, ապա նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողի ու հանձնաժողովի քարտուղարության հետ՝ ներկայացնելով իրավիճակը։ 

Քննարկումների ընթացքում Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններն ըստ էության ագրեսիվ հարձակում են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև հրադադարի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են: 

Պաշտպանը խոստացել է պարբերաբար գործընկերներին տեղեկացնել իրերի ընթացքի վերաբերյալ և խնդրել զրուցակիցներին համարժեք գնահատել իրադարձությունները։