գլխավոր Իրադարձային Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը. ՀԱՊԿ-ն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման...

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը. ՀԱՊԿ-ն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ

ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, պետք է կիրառել քաղաքական և դիվանագիտական մեթոդները և պայմանավորվածությունները: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին ասել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

«Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ՝ ամրագրված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում»,- ասել է Զայնետդինովը։

Կազմակերպությունից նաև հաղորդվել է, որ աշխատանքներ են կազմակերպվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով Հայաստանի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ-ում այժմ տեղի է ունենում մշտական խորհրդի նիստ, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այն պահից սկսած, երբ հայտնի էր դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են վարչապետի մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, որը մինչև լուսաբաց շարունակվել է: Մասնակցել են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը:

«Եվ այդ քննարկման արդյունքներում որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին: Այդ դիմումի կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ: Դիմել ենք արդեն ՌԴ-ին՝ 1997 թվականին բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա: Եվ որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։