գլխավոր Իրադարձային Ադրբեջանական կողմից հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները,...

Ադրբեջանական կողմից հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները, թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՀՀ ՄԻՊ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ստացած տեղեկություններով ադրբեջանական կողմը թիրախավորում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները:

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկել ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ահազանգերի, տեղական և այլ աղբյուրների տեղեկություններով ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանային զենքերից արդեն երկու ժամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն»,-հայտնել է ՄԻՊ-ը:

Մարդու իրավունքների պաշտպանն այս տեղեկությունները կուղարկի միջազգային վերաբերելի գործընկերներին ու ցանցերին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: ՀՀ ՊՆ-ից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։