
«Արմենպրես»-ը գրում է. ԱՄՆ-ն ընդլայնել Է պատժամիջոցների ցուցակը Լիբանանի «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման և Իրանի նկատմամբ: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Ի թիվս այլոց, ցուցակում հայտնվել Է Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին: Ընդամենը ցուցակում Լիբանանի երկու քաղաքացի կա, մեկ՝ իրաքցի և երեք կազմակերպություններ, ներառյալ «Վիրտուալ ԶԼՄ-ների միջազգային միավորումը» և «Ռադիոյի եւ հեռուստատեսության իսլամական միավորումը». ԱՄՆ-ը նրանց կասկածում Է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ համագործակցության մեջ:
«Իրանական ռեժիմը գրոհում Է ԱՄՆ-ի ընտրական գործընթացի վրա, բացահայտ կերպով փորձելով առցանց ապատեղեկատվություն տարածելու ուղիով երկպառակություն սերմանել քվեարկությանը մասնակցող բնակչության շրջանում»,-ասվում Է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
«Իրանի իշխանական կառույցները, քողարկված նորությունների կազմակերպությունների կամ ԶԼՄ-ների ներքո, գրոհում են ԱՄՆ-ի վրա՝ նպատակ ունենալով խարխլել ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացը»,- հավելել Է ֆինանսների նախարարությունը: Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի մեղադրանքներն ընտրություններին միջամտելու հարցում: Իր հերթին Միացյալ նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել Է, որ պատժամիջոցների ներքո հայտնված Մասջեդին ոչ միայն դիվանագետ Է, այլև ԻՀՊԶ-ի գեներալ, որն ԱՄՆ-ը համարում Է ահաբեկչական կազմակերպություն:
Նրա խոսքով՝ Մասջեդին երկար տարիներ համակարգել Է ԻՀՊԶ-ի գործունեությունն Իրաքում, ներառյալ իրաքյան աշխարհազորի ուսուցումը և ընդգրկուն ֆինանսական գործառնությունների անցկացումը: Պոմպեոն նաև հայտարարել Է, որ ցուցակում հայտնված «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչներ Նաբիլ Քաուկը և Հասան ալ-Բաղդադին մտել են շարժման ղեկավարության կազմ, որն ԱՄՆ-ը համարում Է ահաբեկչական: