գլխավոր Հասարակություն ԱԹՍ-ների «Հաւք» 2-րդ մրցույթին ներկայացվել է 106 հայտ․ ՀՀ ԱԻՆ-ն աջակցում է...

ԱԹՍ-ների «Հաւք» 2-րդ մրցույթին ներկայացվել է 106 հայտ․ ՀՀ ԱԻՆ-ն աջակցում է նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում գտնվող  անօդաչու թռչող սարքերի փորձակայանում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն անցկացրել են ԱԹՍ-ների «Հաւք» 2-րդ մրցույթը, միջոցառման աջակիցներից է է եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով լուծումներ առաջարկելը:

«Մրցույթն անցկացվել է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ Մասնակցության 106 հայտ է ներկայացվել: Մասնակից խմբերին, համապատասխանաբար, առաջադրվել են պարզ, միջին և բարդ խնդիրներ՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթների առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը էապես բարձրացնում է փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:

Մրցութային առաջին օրը փորձակայանում տեղի է ունեցել պաշտոնական բացումը, այնուհետև թռիչքներ են իրականացրել դպրոցական թիմերը։ Երկրորդ օրը սիրողական և մասնագիտացված խմբերը հանդես են եկել մրցութային թռիչքներով, ապա մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են բոլոր անվանակարգերի հաղթողները և պարգևները։

Մասնակիցներին տրվել են հավաստագրեր, իսկ անվանակարգերում առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները արժանացել են դրամական և այլ պարգևների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ գերատեսչությունը ողջունում է օդային ռոբոտաշինության զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով որոնողափրկարարական աշխատանքներում ԱԹՍ-ների կիրառելության կարևորությունը և դրանց աշխատանքի արդյունավետությունը գործողությունների ընթացքում։