գլխավոր Իրավունք Չկան անձեռնմխելիներ, օրենքի առջև բոլորը հավասար են, զորեղը պետությունն է․ Դատախազությունն ամփոփել...

Չկան անձեռնմխելիներ, օրենքի առջև բոլորը հավասար են, զորեղը պետությունն է․ Դատախազությունն ամփոփել է Արթուր Դավթյանի գործունեության վեց տարին (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինն ամփոփել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման վեց տարին։

ՀՀ Ազգային ժողովի` 15.09.2016 թվականին կայացած նիստի ընթացքում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Արթուր Դավթյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ: Նրա թեկնածությունն ԱԺ-ին առաջարկել էր ՀՀ Նախագահը` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի և 103-րդ հոդվածի համաձայն:

Tert.am-ը ներկայացնում է Դատախազության ամփոփ տեսանյութում ներառված տեղեկությունները և վիճակագրությունները։

Ներհամակարգային բարեփոխումներում նշվել է, որ դատախազության կառուցվածքն արդիականացնելու նպատալով Արթուր Դավթյանի նախաձեռնությամբ 2018–ին և 2019–ին Դատախազության կոլեիգիայի հետ քննարկման արդյունքում Գլխավոր դատախազության կառուցվածքը փոփոխվել է։ Մասնագիտական 9 վարչության փոխարեն ստեղծվել է 12-ը։

Քրեադատավարական բարեփոխումներում նշվում է, որ 2017 թվականից Դատախազության գործունեության հիմնական ուղղություններից է դարձել ՄԻԵԿ–ով սահմանված մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին համահունչ։

Ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2017–ին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները կազմել են 92,5 տոկոս, 2021–ին այն նվազել է՝ կազմելով՝ 77,0 տոկոս։

Նշվում է, որ բարելավվել է ՄԻԵԿ 6–րդ հոդվածով երաշխավորված հակընդդեմ հարցման իրավունքը․ դատախազներին տրվել է կոնկրետ հանձնարարական՝ ապահովել անձի հակընդդեմ հարցման իրավունքը։

Վիճակագրություն է ներկայացվել նաև նախաքննական մարմիններին դատախազների կողմից տրված գրավոր ցուցումների վերաբերյալ․ 2016–ին՝ 1945 ցուցում, 2021–ին՝ 5200 ցուցում, 2022–ի առաջին կիսամյակում՝ 3619 ցուցում։

Օպերատիվ հետախուզական մարմիններին դատախազների կողմից տրված հանձնարարականները գրեթե կրկնապատկվել են։

Պայքար կոռուպցիայի դեմ

2017–ին Արթուր Դավթյանի հրամանով՝ կոռուպցիային վերաբերելի միջազգային իրավական դրույթներին համապատասխան սահմանվել են քրեական օրենքով սահմանված արարաքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշները, և դրանց  հիման վրա առանձնացվել  կոռուպցիոն հանցագործությունների նոր ցանկը, որը հետագայում սահմանվել է ՀՀ քրեական օրենքգրքում։

Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2017–2021թթ․ հայտնաբերել է պետությանը պատճառված 137 մլրդ դրամի վնաս՝ 2009–2016 թթ 31.9 մլրդ դրամի համեմատ։ 2017–2021թթ ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 7 մլրդ դրամի վնաս՝  նախորդող տարիների համեմատ մոտ 4.3 անգամ ավելի։

Ամփոփ տեղեկատվության մեջ ներառված են նաև 1999 թվականի, 2008 թվականի, 2016 թականի հուլիսյան իրադարձությունները և այլն։

«Արթուր Դավթյանի պաշտոնավարման տարիները համընկել են մեր երկրի ու պետականության համար բարդ ու պատասխանատու ժամանակահատվածի հետ։

«Չկան անձեռնմխելիներ, կլինեն պաշտոնյաներ՝ գործող, նախկին, ամենաբարձր պաշտոնյաներ այդ թվում, կլինեն հանցավոր ենթամշակույթ կրողներ, հանցավոր կամ ցանկացած այլ հիմքով հեղինակություն վայելող անձինք, միևնույն է, օրենքի առջև բոլորը հավասար են, զորեղը պետությունն է»,–մեջբերվել է ՀՀ գլխավոր դատախազի խոսքը»։

Նշենք, որ սեպտեմբերի 15–ին ավարտվում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։