գլխավոր Իրադարձային Պահանջում ենք ճանապարհը լիովին բացվի. «Փեթակի» աշխատակիցներից կառավարություն մտան

Պահանջում ենք ճանապարհը լիովին բացվի. «Փեթակի» աշխատակիցներից կառավարություն մտան

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ԱՁ–ների ղեկավարները կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք պահանջում են դեպի առևտրի կենտրոն տանող Քրիստափորի փողոցը լիովին բացել։

Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին` ասելով, որ անգործ են մնացել, և փողոցը միակողմանի բացեցին։

«Արդեն 3 օր է` մենք գործադուլ ենք անում։ Պահանջում ենք, որ ճանապարհը լիովին մաքրվի, շինարարական աղբ կա, հակասանիտարական վիճակ է։ Տոնավաճառի տարածքն այնպիսին է դարձել, որ այնտեղ ոչ ոք մուտք չի գործում` բոլորն անգործության են մատնվել։ Հիմա պահանջում ենք, որ երկու հոգով բարձրանանք կառավարություն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեր խնդիրը ներկայացնենք, քանի որ մեզ թվում է` ուրիշ ձև են այնտեղ ներկայացնում մեր խնդիրը»,–ասել է տեղի անհատ ձեռնարկատերերից մեկը։

Նրանց խոսքով` շատ լավ կլիներ «Սուրմալուի» շենքն արագ ապամոնտաժել, քանի որ հոգեբանորեն ճնշում է բոլորին։

Հավելենք, որ կառավարության ներկայացուցիչը եկավ և առևտրի կենտրոնի 2 աշխատակցի ուղեկցեց կառավարության շենք։