գլխավոր Առողջություն Ինչպես տարբերել առողջ խալը չարորակացողից. պարզ ու փորձված մեթոդ

Ինչպես տարբերել առողջ խալը չարորակացողից. պարզ ու փորձված մեթոդ

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, ուստի այն ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է հիվանդության բարեհաջող բուժման համար։ Այս հիվանդությունը շատ հաճախ է զարգանում հասարակ խալի չարորակացման հետևանքով, սակայն բավական ուշադիր լինելու դեպքում կարելի է ժամանակին նկատել անբարենպաստ փոփոխություններն ու միջոցներ ձեռնարկել։ Ընդ որում՝ խալի չարորակացման հավանականությունն էլ ավելի է բարձրանում ուլտրամանուշակագույն ճառագայթման դեպքում, ուստի մեծ քանակությամբ խալեր ունեցողների հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել օրվա ընթացքում արևի տակ երկար ժամանակ անցկացնելու դեպքում

Մելանոմայի զարգացումից խուսափելու և չարորակացող խալը ժամանակին նկատելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանան ինքնազննում անցկացնել ու ուսումնասիրել խալերը՝ արտասովոր փոփոխությունների դեպքում դիմելով մասնագետին: Այս մասին Express պարբերականի հետ զրույցում նշել է MOLE կլինիկայում սքրինիգի բաժնի բուժքույր Լաուրա Հարքերը: Նրա խոսքով՝ սկզբնական փուլում մելանոման կարող է դրսևորվել որպես արտասովոր, նոր կամ փոփոխված խալ, ուստի ինքնազննումը թույլ կտա ժամանակին հայտնաբերել խնդիրն ու բարձրացնել բարեհաջող բուժման հավանականությունը:

Ինքնազննման համար մասնագետը խորհուրդ է տալիս կիրառել բավական տարածված АВСDE մեթոդը: АВСDE-ն հապավում է, որում А-ն « Asymmetry»-ն (անհամաչափություն) է, B-ն «Border»-ը (սահմաններ), C-ն «Color and Comparison»-ը (գույն և համեմատություն), D-ն «Diameter»-ը (տրամագիծ), իսկ E-ն «Evolving»-ը (զարգացում)։

Ինչպես հասկանալ, որ խալը կարող է վտանգավոր լինել

Անհամաչափություն

Մաշկի քաղցկեղի զարգացման բարձր հավանականության մասին հուշող նախաքաղցկեղային վիճակի մասին կարող է հուշել անհամաչափ խալը, որի մի կողմը նման չէ մյուս կողմին: Նման խալի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել:

Սահմաններ

Եթե խալի սահմանները հստակ չեն, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին: Բանն այն է, որ անհարթ կամ ոչ հստակ սահմանները կարող են հուշել խալի չարորակացման մասին, ինչը չի կարելի անուշադրության մատնել:

Գույն և համեմատություն

Բուժզննում հարկավոր է անցնել նաև այն դեպքում, երբ խալի գույնն անհամաչափ է կամ տարբերվում է այլ խալերի գույնից: Բացի այդ, հարկավոր է համեմատել խալը մյուսների հետ ու տարբերությունների դեպքում արձանագրել դրանք՝ դիմելով մասնագետին:

Տրամագիծ

Մասնագետների խոսքով՝ ցանկալի է, որ խալի տրամագիծը չգերազանցի 7 մմ-ը, քանի որ ավելի մեծ լինելու դեպքում վտանգը ևս մեծանում է:

Զարգացում

Եթե խալը փոխում է իր ձևը կամ գույնը, մաշկի մյուս հատվածներից ավելի բարձր է ու ուռուցիկ կամ շարունակում է աճել, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել հնարավոր բարդացումները կանխելու համար:

Այս պարզ մեթոդին հետևելը թույլ կտա ժամանակին նկատել ախտաբանական փոփոխություններն ու միջոցներ ձեռնարկել հնարավոր բարդություններից խուսափելու համար: Ինքնազննման արդյունքում արտասովոր փոփոխություններ նկատելու դեպքում մասնագետները հորդորում են անհապաղ դիմել բժշկին, քանի որ հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել: