գլխավոր Քաղաքականություն Մասիսի քաղաքապետի եղբայրը ոչ թե արդարացվել է, այլ փոփոխվել է պոռնկությամբ զբաղվելուն...

Մասիսի քաղաքապետի եղբայրը ոչ թե արդարացվել է, այլ փոփոխվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմի շրջանակը և գործը կարճվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերջերս «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով տեղեկացրել էր,  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել իր եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ տարվող քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին։ Նա նաև նշել էր, որ իր եղբայրն արդարացվել է և իրենց հասցեին ստահոդ ու բարի համբավն արարատվորող լուրեր են տարածվել։

ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը մեղադրանքի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից հայտնեցին, որ դատարանը որոշումը կայացնելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ փոփոխվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների շրջանակը: Դրա արդյունքում նշված անձանց մեղսագրված արարքները ապաքրեականացվել են:

«Ելնելով դրանից՝ ամբաստանյալների համաձայնությունը ստանալուց հետո Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Հարկ է պարզաբանել նաև, որ, ի տարբերություն նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով արդեն իսկ անձին մեղսագրված արարքի ապաքրեականացումը նախատեսվում է որպես հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու առանձին հիմք: Ընդ որում, այդ հանգամանքը չի բացառում քրեական հետապնդումը, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը»,- հայտնեցին դատախազությունից: 
 
Հետևաբար, Գոռ Համբարձումյանը չի արդարացվել, այլ որոշակի կարգավորումներով մեղադրանքն ապաքրեականացվել է։