գլխավոր Իրադարձային Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին, հայտնում են ԱԳՆ-ից։

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել վերջինիս այս պատասխանատու պաշտոնում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Միրզոյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:Հիշեցնենք՝ Ֆիլիպ Ռիքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցիչ համանախագահ է նշանակվել 2022թ–ի օգոստոսի 23-ին` այդ պաշտոնում փոխարինելով Էնդրյու Շոֆերին։