գլխավոր Հասարակություն Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց

Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց

Երուսաղեմում հազարից ավելի հայեր հավաքվել են Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց. նրանք ակցիա են իրականացնում` ի պաշտպանություն Արցախի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է տեղի համայնքի ներկայացուցիչ Տիգրան Մամաջանյանը։

«Նախկինում կարանտինի պատճառով մենք լոկալ ակցիաներ էինք կազմակերպում 20 հոգանոց կազմերով։ Սահմանափակումների մեղմացման ֆոնին հնարավորություն ունեցանք համահայկական հանրահավաք կազմակերպել», – ասել է Մամաջանյանը։

Ակցիային մասնակցել է ավելի քան 1200 մարդ։ Նրանք Իսրայելի կառավարությունից պահանջել են դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը։ Մամաջանյանն ասաց նաև, որ իրենք արդեն բազմաթիվ նամակներ են ուղարկել թե՛ արտգործնախարարին, թե՛ վարչապետին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։

Նրա խոսքով՝ ցուցարարների շարքերում եղել են նաև իսրայելցիներ, էթնիկ հրեաներ, որոնք նույնպես դատապարտում են Իսրայելի իշխանությունների գործողությունները:

Ակցիայի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար դրամահավաք է իրականացվել։ Հավաքվածները նաև վաճառել են ավելի քան հազար Արցախի դրոշով դիմակներ։ Վաճառքից ստացված գումարը ևս կփոխանցվի հիմնադրամին։

Մամաջանյանը չբացառեց, որ առաջիկա օրերին ակցիաներ կիրականացնեն ԱԹՍ–ներ վաճառող ընկերությունների գրասենյակների և Պաշտպանության նախարարության շենքի առջև: